2510 դիտում
15:25 14-02-2019
2018 թվականին աշխատանքի վայրում 14 մարդ է մահացել
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում ստացված տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականին աշխատանքի վայրում տեղի են ունեցել թվով 30 դժբախտ դեպք, որից 14-ը (մոտ 47 %-ը)՝ մահվան ելքով: Տեղի ունեցած դժբախտ դեպքերի արդյունքում մահացել են 14 աշխատող, 19 աշխատող ստացել են ծանր, իսկ 5 աշխատող՝ թեթև մարմնական վնասվածքներ:
Դժբախտ դեպքերից 10-ը (մոտ 33 %-ը) արձանագրվել է հանքարդյունաբերության ոլորտում: Զգալի թվով դժբախտ դեպքեր են գրանցվել նաև շինարարության, տրանսպորտի և կապի ոլորտներում:
Դժբախտ դեպքերի պատճառները պարզելու նպատակով հարուցվել են վարչական վարույթներ: Հարուցված վարչական վարույթների արդյունքում արձանագրված՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները վերացնելու, աշխատողների համար առողջ և անվտանգ աշխատանքի պայմաններ ապահովելու նպատակով գործատուներին տրվել են պարտադիր կատարման հանձնարարականներ, իսկ արձանագրված վարչական իրավախախտումների համար՝ վերջիններս ենթարկվել են վարչական պատասխանատվության:
Տեսչական մարմինը, աշխատանքի վայրում դժբախտ դեպքերի կանխարգելման նպատակով, գործատուներին հորդորում է աշխատողների համար ապահովել անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ (մասնավորապես՝ աշխատողներին ապահովել կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով, ապահովել անվտանգության տեխնիկայի նորմերի և կանոնների պահպանումը, սարքավորումների և աշխատանքի այլ միջոցների սարքին վիճակը, աշխատանքի կատարման համար անհրաժեշտ նյութերի և գործիքների պատշաճ որակը, պատշաճ լուսավորությունը, ջեռուցումը, օդափոխությունը և այլն), իսկ անվտանգ և առողջության համար անվնաս աշխատանքային պայմաններ ապահովելու գործատուի պարտականությունը սահմանված է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 217-րդ հոդվածով: Այս մասին հայտնում են Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժնից:
Նմանատիպ նյութեր
5004 դիտում
15:33 15-09-2016
Բագրատաշենի մաքսակետի կամուրջը նախատեսվում է շահագործման հանձնել 2018 թվականին. տեսանյութ
2761 դիտում
09:59 30-11-2016
Գազի սակագինը կբարձրանա 2018 թվականին. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
403 դիտում
21:59 19-04-2024
Հանրապետական նշանակության ճանապարհի հանձնումը քրեական հանցագործություն է․ Մեսրոպ Առաքելյան