211652_close_icon
views-count1804 դիտում article-date 12:01 14-02-2019

Հայաստանում հունիսի 7-9-ը կանցկացվի ֆրանսիական հեղինակավոր «Մտքերի գագաթնաժողովը»

Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» («Summit of Minds») այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: «Armenian Summit of Minds» անվանումը ստացած միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երևան և Դիլիջան քաղաքներում: Գագաթնաժողովի գլխավոր գործընկերը «The Monthly Barometer» հեղինակավոր վերլուծական հանդեսն է: Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռևս 2018 թվականի սեպտեմբերին, երբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»: Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների և լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից : Միջոցառման հիմնական նպատակն է համաշխարհային հետաքրքրություն ներկայացնող կարևորագույն հարցերի վերաբերյալ նոր գաղափարների ներկայացումը, անմիջական քննարկումների միջոցով փոխվստահելի գործընկերային կապերի հաստատումը: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս: «Armenian Summit of Minds»-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը և ներդրումները. բազմաբևեռության ազդեցությունը առևտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը: Թեմայի շուրջ զեկույցներով հանդես կգան տարբեր երկրներ ներկայացնող հայտնի բանախոսներ: Հայաստանում անցկացվող միջոցառման կարևոր առանձնահատկություններից մեկը ծրագրի հարուստ մշակութային մասն է, այդ թվում՝ այցելությունները Հայաստանի պատմամշակութային վայրեր՝ գագաթնաժողովի մասնակիցներին Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին ծանոթացնելու նպատակով: Հայաստանում նման միջոցառման անցկացումը, գործարար, գիտական ու քաղաքական բնագավառները ներկայացնող ազդեցիկ անհատների և առաջնորդների այցը կնպաստեն մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանը: Գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է Հայաստանի ներուժի ներկայացման, համագործակցության նոր ուղղությունների զարգացման, գործարար կապերի հաստատման տեսանկյունից:

Նմանատիպ նյութեր