211652_close_icon
views-count1472 դիտում article-date 10:26 14-02-2019

Արտակարգ իրավիճակների ոլորտում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համագործակցությունը շարունակական է

Փետրվարի 13-ին ՀՀ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինին: Հանդիպման նպատակն էր քննարկել Արտակարգ իրավիճակների նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետագա համագործակցության հեռանկարները: Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը շնորհավորեց Ֆելիքս Ցոլակյանին ԱԻ նախարարի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ և վերահաստատեց ՄԱԶԾ-ի կողմից ստանձնած պարտավորությունը՝ աջակցելու Հայաստանի կառավարությանը աղետների ռիսկի կառավարման ոլորտում արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ, ինչպես նաև փաստեց, որ արտակարգ իրավիճակների ոլորտում մի շարք ռազմավարական ուղղություններով երկու կառույցները բարեհաջող համագործակցում են: Այս առնչությամբ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ փոխգործակցությունը լավ է ընթանում, և գնահատելի է այն աջակցությունը, որ ստացվում է ՄԱԶԾ-ի կողմից: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին համատեղ իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ արտակարգ դեպքերի, պատահարների դեպքում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) կիրառման, անտառային, դաշտային և քաղաքային հրդեհների արդյունավետ հրդեհաշիջման, հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման, «Նաիրիտ» գործարանում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ պահպանման ու հետագա չեզոքացման հարցերին: Անդրադառնալով արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկային՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանն իր խոսքում նշեց, որ տեխնոլոգիաները զարգանում են, շատ կարևոր է, որ արտակարգ դեպքերի և պատահարների ժամանակ կիրառվող տեխնիկան ճիշտ գործածվի: Անօդաչու թռչող սարքերի կիրառումը ԱԻ նախարարության համար ևս անհրաժեշտություն է: Հակակարկտային պաշտպանության միասնական համակարգի ստեղծման հարցը քննարկելիս ԱԻ նախարարն ասաց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո հնարավոր կլինի ավելի առարկայական քննարկել այն: Դմիտրի Մարիասինին իր հերթին նշեց, որ ՄԱԶԾ-ի փորձագետները պատրաստ են մասնագիտական կարծիք ներկայացնելու հակակարկտային պաշտպանության համակարգերի վերաբերյալ: Այս առումով պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ փորձագիտական կարծիք կներկայացվի ԱԻ նախարարությանը: Հանդիպման ավարտին ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիասինը նաև փոխանցեց ՄԱԶԾ պատրաստակամությունը աջակցելու ԱԻ նախարարությանը մասնակցել մայիսին Ժնևում կայանալիք Աղետների ռիսկի նվազեցման գլոբալ ֆորումին: Հայաստանի պատվիրակությունը 2018թ. նոյեմբերին մասնակցել է Աղետների ռիսկի նվազեցման Եվրոպայի ֆորումին, որտեղ քննարկումներ են ծավալվել համայնքային դիմակայունության, ԱՌՆ ոլորտում կայուն ներդրումների, ԿԶՆ և կլիմայի փոփոխության օրակարգերին ներդաշնակ Սենդայի գործողությունների ծրագրի իրականացման, Սենդայի գործողությունների ծրագրի մոնիթորինգի գործընթացի և մի շարք այլ առանցքային հարցերի վերաբերյալ: Ֆորումի շրջանակներում մի շարք քննարկումներում ներկայացվել է նաև Հայաստանի փորձը:

Նմանատիպ նյութեր