211652_close_icon
views-count3830 դիտում article-date 19:33 13-02-2019

Զինված ուժերում առանձնապես ծանր հանցագործությունները նվազել են 46.2%-ով. ՀՀ զինվորական դատախազությունն ամփոփել է 2018թ. գործունեության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 12-ին ամփոփվել են 2018թ. ընթացքում ՀՀ զինվորական դատախազության գործունեության, ինչպես նաև իրավապահ մարմինների կողմից զինված ուժերում հանցավորության դեմ պայքարի արդյունքները: Անցկացված խորհրդակցությանը, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության և կայազորների դատախազությունների դատախազները, ինչպես նաև ներկայացուցիչներ ՀՀ ՊՆ-ից, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունից: ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը զեկուցել է զինված ուժերում հանցագործության դեպքերով մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, պետական շահերի պաշտպանության, մեղադրանքի պաշտպանության և Սահմանադրությամբ դատախազության համար նախատեսված մյուս լիազորությունների շրջանակներում իրականացված աշխատանքների, զինված ուժերում հանցավորության հիմնական վիճակի և շարժընթացի, դրանց կանխման, բացահայտման և մեղավորների քրեական պատասխանատվության անխուսափելիության ապահովման առաջնահերթությունների իրագործման արդյունքների մասին: 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈւ–ի և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է 3525 դեպք՝ նախորդ տարվա 3416-ի դիմաց: Դրանցից 2358-ը, կամ 66.9%-ը եղել են պատահարներ-զանցանքներ, 1140-ը կամ 32,3%-ը հանցագործություններ: Վերջիններիցս 63,8%-ը` զինվորական, 36,2%-ը` այլ ընդհանուր բնույթի հանցագործություններն են: Նախորդ տարվա համեմատ հանցագործությունները նվազել են 5.5%-ով: Ծանր հանցագործություններն աճել են 9 դեպքով կամ 8.1%-ով, սակայն առանձնապես ծանր հանցագործությունները (2017թ.՝ 80 դեպք) նվազել են 37 դեպքով, կամ 46.2%-ով: 2018թ. արձանագրված 43 առանձնապես ծանր հանցագործություններից 7-ը հակառակորդի կողմից կատարված սպանության դեպքեր են, 1-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության, 1-ը զինծառայողի կողմից քաղաքացիական անձի սպանության, 1-ը՝ անհայտ անձի կողմից կատարված սպանության, 23-ը` հակառակորդի կողմից կատարված սպանության փորձի, 2-ը` համածառայակցի կողմից կատարված սպանության փորձի, 1-ը՝ պետի կողմից ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու, 7-ը՝ պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալու: Հիշեցնենք՝ 2017թ. հակառակորդի կողմից արձակված կրակոցներից սպանվել էր 21-զինծառայող: Ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 1173 զինծառայող՝ նախորդ տարվա 1813-ի դիմաց, այսինքն արձանագրվել է նվազում 640-ով, կամ 35.3%-ով: Ընդ որում՝ գրեթե կրկնակի նվազել է ծանր մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների թիվը (54-102): ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը նման արդյունքները պայմանավորել է ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ քրեական հետապնդման մարմինների և զորամասերի միջին ու բարձր հրամանատարական կազմի կողմից դրսևորվող հետևողականությամբ: Սպանության, սպանության փորձի, ինքնասպանության, առողջությանը ծանր վնաս հասցնելու, ստորադասի նկատմամբ բռնի գործողության կամ դրա սպառնալիքի ցանկացած դեպքով քննության առարկա է դարձվում համապատասխան պաշտոնատար անձանց կողմից դրանք կանխելու հնարավորության և առհասարակ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու հանգամանքը: Ըստ հանցատեսակների՝ նվազել են զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունները՝ 10.4%-ով, ռազմական գույքն օգտագործելու և պահպանելու, զենքի, ռազմամթերքի, ինչպես նաև շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելու հետ կապված հանցագործությունները՝ 33.3%-ով, ռազմական տեխնիկայի օգտագործման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 39.1%-ով, կյանքի և առողջության դեմ ուղղված հանցագործությունները՝ 33.3%-ով: Փոխարենը աճել են հատուկ ծառայությունների կրման կարգի դեմ ուղղված հանցագործությունները՝ 22.2%-ով, զինվորական պաշտոնեական հանցագործությունները՝ 29.3%-ով, հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունները՝ 32.1%-ով: Նախորդ տարիների համեմատ էապես նվազել են զորամասն ինքնակամ թողնելու դեպքերը: Հանցագործությունների բացահայտումը կազմել է 97.1 %, գրեթե նույնքան, որքան 2017թ.: Ամփոփման ընթացքում ինչպես ՀՀ գլխավոր դատախազը, այնպես էլ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել են զորամասերի հրամանատարների՝ որպես հետաքննություն իրականացնող մարմինների, քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու համար անհրաժեշտ գիտելիքները և հմտությունները զարգացնելու անհրաժեշտությունը, ինչը զորամասերում հանցավոր դրսևորումները բացահայտելու և դրանցով պատշաճ քննություն ապահովելու, քրեական պատասխանատվության անխուսափելիության գիտակցման արմատավորմամբ զինծառայողներին հանցավոր վարքագծից հնարավորինս զերծ պահելու կարևոր նախապայմաններից է: Այդ նպատակով խնդիր է դրվել մշակել և իրականացնել համապատասխան ծրագրեր: ՀՀ գլխավոր դատախազը համոզմունք է հայտնել, որ զորամասերի հրամանատարների գործունեության արդյունավետության գնահատման չափանիշներից պետք է դարձնել նրանց կողմից հանցագործությունների բացահայտման ուղղությամբ ցուցաբերված ջանասիրությունը: 2018թ. ընթացքում ՀՀ ԶՈՒ և այլ զորքերի զորամասերում արձանագրվել է կոռուպցիոն հանցագործությունների 182 դեպք, ինչը 66-ով կամ 56.9%-ով ավելի քան 2017թ.-ից: Բոլոր դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազության դատախազների դատավարական ղեկավարմամբ և դատախազական հսկողությամբ նախապատրաստվել են նյութեր, իսկ դրանցից 173-ով հարուցվել են քրեական գործեր՝ հիմնականում խարդախության, հափշտակության, կաշառք տալու, ստանալու և կաշառքի միջնորդության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, պետի (հրամանատարի) կամ պաշտոնատար անձի կողմից իշխանությունը կամ պաշտոնեական դիրքը չարաշահելու, իշխանազանցության կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու և այլ հատկանիշնրով: Կոռուպցիոն բնույթի 43 քրեական գործեր 86 անձանց վերաբերյալ՝ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարաններ: Կոռուպցիոն հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու նպատակով ԶՈՒ ստորաբաժանումներում շարունակվում են նյութական միջոցների ստացման, պահպանման և օգտագործման նկատմամբ վերահսկողության արդյունավետության բարձրացմանը միտված համալիր միջոցառումները: Ընդհանուր առմամբ 2018թ. քննված, ավարտված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով և նախապատրաստված նյութերով հիմնավորվել են 422.236.614 դրամի նյութական վնասի պատճառման փաստեր, ինչը 7.3 անգամ ավելի է 2017թ. ցուցանիշից: Մինչդատական վարույթում վերականգնվել է 410.653.037 դրամը, որը 8 անգամ գերազանցում է 2017թ.արդյունքը: 2018թ. շուրջ 61,9%-ով նվազել են կրկնահանցագործությունները, ինչը մեծապես պայմանավորված է հանցագործություններ կատարած զինծառայողների նկատմամբ զորամասերի հրամանատարությունների, ՌՈ բաժինների և կայազորների զինդատախազությունների աշխատակիցների կողմից իրականացված խիստ հսկողությամբ, նրանց հետ տարվող բացատրական աշխատանքներով: Արթուր Դավթյանն անհրաժեշտ է համարել ուսումնասիրել, թե կրկնահանցագործությունների դինամիկայի վրա ինչպիսի ազդեցություն է ունենում թեթև և միջին ծանրության հանցագործություն կատարած զինծառայողների նկատմամբ նրանց կողմից գործուն զղջալու, հանցագործությունն առաջին անգամ կատարված լինելու դեպքերում հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու պրակտիկան: Ըստ գլխավոր դատախազի՝ հանցավոր շեղում թույլ տված երիտասարդների նկատմամբ ներողամտության ցուցաբերումը շատ դեպքերում կարող է նրանց վրա ավելի մեծ դրական ազդեցություն թողնել ոչ միայն զինվորական ծառայության, այլ նաև հետագա ողջ կյանքի ընթացքում: ՀՀ գլխավոր դատախազը գոհունակություն է հայտնել ԶՈւ-երում կատարված հանցագործության դեպքերով քննվող քրեական գործերով կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունների հիմնավորվածության առթիվ, ինչի արդյունքում մի կողմից զգալիորեն նվազել են կալանքի միջնորդությունները, մյուս կողմից աճել է ներկայացվող միջնորդությունները դատարանների կողմից բավարարելու ցուցանիշը: Գլխավոր դատախազը հորդորել է շարունակել այս ուղղությամբ աշխատանքները՝ անհրաժեշտության դեպքում կիրառելով դատախազական ներգործության բոլոր գործիքները: Արթուր Դավթյանն առանձնահատուկ կարևորել է դատախազների կողմից պատկան օղակներին միջնորդագրեր ներկայացնելու լիազորության գործադրմամբ զինված ուժերում արձանագրվող հանցագործության յուրաքանչյուր դեպքի կատարմանը նպաստող պայմանների ու պատճառների չեզոքացմանը նպաստելու դատախազների առաքելությունը՝ նկատելով, որ այս ուղղությամբ նախաձեռնողականության մակարդակը բարելավվել է մոտ 25 տոկոսով: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը շնորհակալություն է հայտնել Զինվորական դատախազությանը բանակում հանցավորության դեմ պայքարում կատարած աշխատանքի համար: Նա կարևորել է համատեղ ուժերով զինված ուժերում այնպիսի մթնոլորտի ձևավորումը, որն առավել անվտանգ կդարձնի զինվորական ծառայությունը, կերաշխավորի յուրաքանչյուրի, այդ թվում քրեական վարույթում ներգրավված բոլոր զինծառայողների իրավունքների լիարժեք պաշտպանությունը, և որի պայմաններում առավել կմեծանա բանակի նկատմամբ հանրային վստահության մակարդակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են առանձին արդիական խնդիրներ, որոնց լուծումների ուղղությամբ ՀՀ գլխավոր դատախազի կողմից տրվել են մի շարք հանձնարարություններ: [b]ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր