211652_close_icon
views-count1901 դիտում article-date 19:30 12-02-2019

2019-ին նախատեսվում է ստերջացնել թափառող էգ շների շուրջ 75 տոկոսը

Մայրաքաղաքում թափառող կենդանիների խնդիրներով այսուհետ կզբաղվի «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ը: Երևանի ավագանին այսօր կայացած նիստում միաձայն հավանություն է տվել որոշման նախագծին: Ներկայացնելով Երևանի քաղաքապետի որոշմամբ ստեղծվող ՀՈԱԿ-ի նպատակները՝ բնապահպանության վարչության պետի ժ/պ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ կազմակերպությունը, համագործակցելով ոլորտի մասնագետների և մասնագիտացած միջազգային ու տեղական ՀԿ-ների հետ, համատեղ կմշակի և կիրականացնի թափառող կենդանիների հիմնախնդիրների լուծման տարաբնույթ ծրագրեր: Մասնավորապես, աշխատանքներ կտարվեն թափառող կենդանիների հավաքման, տեղափոխման, նախնական զննման, պատվաստման, ստերջացման, համարակալման և պահպանման նպատակով: Բացի այդ, գործընթացը կներառի նաև Երևանում առկա թափառող շների վիճակագրության, քարտեզագրման, նույնականացման և խնամքի ապահովում: Նշվել է նաև, որ մինչև համայնքային կլինիկայի կառուցումը, նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել մի շարք անասնաբուժական կլինիկաների հետ՝ գործընթացը սկսելու վերաբերյալ: Երևանի քաղաքապետարանը թափառող կենդանիների վերաբերյալ միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ մայրաքաղաքում այսօր թափառող կենդանիների թիվը հասել է 15-20 հազարի: Տարիներ շարունակ ոլորտում առկա խնդիրները լուծելու գործում ոչ հետևողական մոտեցումների պատճառով մայրաքաղաքում ստեղծվել է սուր իրավիճակ. ավելացել է անտուն շների քանակը, տեսակն էլ դարձել ավելի ագրեսիվ: Այս տարի նախատեսվում է թափառող 6000 էգ շներից ստերջացնել 4500-ը, այսինքն` շուրջ 75 տոկոսը: Ողջունելով ՀՈԱԿ-ի ստեղծման նախաձեռնությունը և գործընթացն անմիջականորեն համայնքի կողմից իրականացնելն ու վերահսկելը՝ ավագանու անդամները համոզմունք են հայտնել, որ կյանքի կոչվող ծրագիրն իր կարևորությամբ կառանձնանա թե՛ կենդանիների, թե՛ քաղաքացիների համար: Երևանի կենդանաբանական այգին կունենա կոլեգիալ կառավարման մարմին՝ Խորհուրդ Օրակարգի մեկ այլ հարցով ավագանին հավանություն է տվել «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կանոնադրության մեջ փոփոխություն կատարելու որոշման նախագծին: Այգու կառավարումն ավելի արդյունավետ և թափանցիկ իրականացնելու նպատակով կստեղծվի կոլեգիալ կառավարման մարմին՝ խորհուրդ: Երևանի ավագանու հերթական նիստին այսօր հաջորդել է հարց ու պատասխանը: Ավագանու անդամներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել քաղաքապետին, վարչական շրջանների և քաղաքապետարանի ստորաբաժանումների ղեկավարներին: Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը կգումարվի մարտի 19-ին:

Նմանատիպ նյութեր