211652_close_icon
views-count976 դիտում article-date 16:21 11-02-2019

Դեսպան Մկրտչյանը հանդիպել է Լեհաստանի Սենատի նախագահի հետ. անդրադարձ է կատարվել երկու երկրների խորհրդարանների արդյունավետ համագործակցությանը

Փետրվարի 8-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի նախագահ (մարշալեկ) Ստանիսլավ Կարչևսկու հետ (Stanisław Karczewski): Սենատի նախագահը շնորհավորեց դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ` պատրաստակամություն հայտնելով աջակցել դեսպանին։ Դեսպան Մկրտչյանը, անդրադառնալով երկու երկրների խորհրդարանների միջև հաստատված արդյունավետ համագործակցությանը, վստահություն հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի նախորդ տարվա արտահերթ ընտրություններից հետո այն ձեռք կբերի նոր դրական որակ և կնպաստի հարաբերությունների զարգացմանը: Կարևորելով ԵՄ և ՀՀ միջև համագործ­ակցության զարգացմանն ուղղված քայլերը՝ ՀՀ դեսպանը նշանակալից համարեց այն հանգամանքը, որ Լեհաստանի խորհրդարա­նի ստորին և վերին պալատներն առաջիններից են եղել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը պատշաճ ժամկետներում ավարտին հասցնելու գործում։ Լեհաստանի Սենատի նախագահ Ստանիսլավ Կարչևսկին, ընդգծելով միջազ­գա­յին հարաբերություններում խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը, հույս հայտնեց, որ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում կշարունակեն ակտիվ գործունեություն ծավալել նաև երկու երկրների խորհրդարանների պատգամավորական բարեկամության խմբերը։ Նա միաժամանակ ընդգծեց Հայաստանի և Լեհաստանի միջև խորհրդարանական փոխայցելությունների կարևորությունը: Մարշալեկ Կարչևսկին և դեսպան Մկրտչյանն անդրադարձան վերջին տարիների հոբելյանական իրադարձություններին, Լեհաստանի հայ համայնքի 650-ամյա հոբելյանին Լեհաստանի իշխանությունների առանձնահատուկ վերաբերմունքին, երկու երկրների անկախության 100-ամյակների շրջանակներում իրականացված միջոցառումներին։ Զրուցակիցներն անդրադարձան ընթացիկ տարում Եվրոպական խորհրդարանի և Լեհաստանի խորհրդարանի ընտրություններին նախապատրաստմանը, երկկողմ հարաբերությունների քաղաքական և տնտեսական արդյունավետ փոխգործակցության շարունակականության ապահովմանը և զարգացման հեռանկարներին։ Մտքեր փոխանակվեցին նաև արտերկրում բնակվող հայ և լեհ համայնքային զարգացումներին:

Նմանատիպ նյութեր