211652_close_icon
views-count2157 դիտում article-date 21:55 09-02-2019

Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է․ մեկնարկել է EU at LOFT in Gyumri ծրագիրը

Եվրամիության անդամ պետությունների սովորույթները, ավանդույթն ու մշակույթը այսուհետ կներկայացվի գյումրեցի երիտասարդներին: Փետրվարի 9-ին Գյումրիում ազդարարվեց «EU at LOFT in Gyumri» ծրագրի մեկնարկը: Ծրագրի մեկնարկն ազդարարող միջոցառմանը ներկա էին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Սվիտալսկին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրիի փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանը: Դեսպան Պյոտր Սվիտալսկին, նշել է, որ անչափ ուրախ է հատկապես Գյումրիում այս ծրագիրն իրականացնելու համար: «Գյումրին ամենաեվրոպամետ քաղաքն է: Սա Հայաստանում միակ քաղաքն է, որն ունի «Եվրոպայի» հրապարակ: Սա շատ լավ նախաձեռնություն է, և դրա համար ծրագրին աջակցելու պատրատակամություն հայտնեցինք»,-նշեց դեսպանը՝ անկեղծանալով, որ ցանկություն կա Գյումրիում բացել նաև «Եվրամիության տուն»: «Գյումրիում Եվրամիության տան ստեղծման ծրագիրը մեր 2019 թվականի գործողությունների մեջ է: Այս գաղտնիքն առաջին անգամ եմ բացահայտում, ու մինչ այս ծրագիրը կյանքի, կկոչվի, EU at LOFT in Gyumri-ն այս ծրագրի «ՙնախապատրաստում կլինի»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը: Ծրագրի պատասխանատու, «Լոֆթ Գյումրի»-ի գործադիր տնօրեն Ամալյա Թումասյանը տեղեկացրել է, որ յուրաքանչյուր երկրի համար կազմակերպվելու են տարբեր միջոցառումներ՝ հաշվի առնելով վերջիններիս առանձնահատկությունները: «Այս միջոցառումները կներկայացնեն յուրաքանչյուր երկիր՝ ստեղծելով այդ երկրին բնորոշ միջավայր: Կներկայացվի խոհանոցը, կկազմակերպվեն ազգային խոհանոցի վարպետության դասեր, կկազմակերպվի ազգային երգ ու պարի ուսուցում և այլ: Սա երիտասարդական ծրագիր է, որի նպատակն է աջակցել և ներգրավել գյումրեցի երիտասարդներին ավելի իրազեկվելու Եվրոպական միության ու ԵՄ անդամ երկրների մասին»,- նշել է Ամալյա Թումասյանը: Ծրագրի պաշտոնական բացումից հետո Եվրամիության անդամ պետությունների հանրահայտ երգերը ներկայացվել են երիտասարդների կատարմամբ:

Նմանատիպ նյութեր