211652_close_icon
views-count1491 դիտում article-date 23:02 08-02-2019

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ռիյգիկոգուի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Փետրվարի 8-ին Տալլին կատարած պաշտոնական այցի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպում ունեցավ Էստոնիայի խորհրդարանի (Ռիյգիկոգու) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնի և հանձնաժողովի անդամների հետ։ Կողմերը կարևորեցին երկու երկրների միջև համագործակցության ակտիվացումը խորհրդարանական ձևաչափով՝ որպես երկկողմ օրակարգի առաջմղման կարևոր հարթակի՝ ուղենշելով այդ ուղղությամբ ձեռնարկվելիք գործնական քայլերը։ Զրուցակիցների խնդրանքով ԱԳ նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումներին: Այդ առումով նախարար Մնացականյանն ընդգծեց, որ կառավարությունն իր գործողություններով ապացուցել է քաղաքական կամքը՝ կյանքի կոչելու ժողովրդի լայն մանդատի հիման վրա նախաձեռնված բարեփոխումները: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Ռիյգիկոգուի արտաքին գործերի հանձնաժողովի անդամներին ներկայացրեց Հայաստանի արձանագրած ձեռքբերումները նորարարության և թվային տեխնոլոգիաների, ստեղծարար կրթության զարգացման ուղղությամբ՝ կարևորելով տվյալ ոլորտում երկկողմ փորձի փոխանակումը և համագործակցության խորացումը։ Այս առնչությամբ նախարար Մնացականյանը բարձր գնահատեց այցի ընթացքում Էստոնիայի բարձր տեխնոլոգիաների և թվային ոլորտի առաջատար մասնագետների և պաշտոնյաների հետ կայացած հանդիպումներն ու քննարկումները՝ հույս հայտնելով, որ դրանք լավ հիմք կծառայեն գործնական և փոխշահավետ համատեղ ծրագրեր նախաձեռնելու համար: Նախարար Մնացականյանը և Մարկո Միհկելսոնը մտքեր փոխանակեցին Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ՝ ընդգծելով Արևելյան գործընկերության կարևորությունը՝ որպես ԱլԳ մասնակից երկրների համար Եվրամիության և անդամ պետությունների հետ համագործակցություն ծավալելու օգտակար հարթակի:

Նմանատիպ նյութեր