211652_close_icon
views-count1739 դիտում article-date 15:06 08-02-2019

Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ. armenpress.am

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու: Այս մասին «[url=https://armenpress.am/arm/news/963575.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց Քրեակատարողական վարչության հանրային կապերի ծառայության պետ Նոնա Նավիկյանը: «Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է «Նաիրի» բժշկական կենտրոն հետազոտվելու»,- ասաց Նավիկյանը: 2018թ. դեկտեմբերի 21-ին Մանվել Գրիգորյանը 25 միլիոն դրամ գրավի դիմաց կալանքից ազատ էր արձակվել: Դեկտեմբերի 24-ին Դատախազությունը վերաքննիչ բողոք է ներկայացրել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության դեմ: 2019թ. հունվարի 22-ին ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել բավարարել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի գրավով ազատ արձակելու առաջանի ատյանի դատարանի որոշման դեմ Գլխավոր դատախազության բողոքը: Գրիգորյանը կրկին կալանավորվել էր: Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Հունիսի 16-ին Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է, ապա՝ հունիսի 19-ին, Ազգային ժողովի պատգամավորների քվեարկությամբ, զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից ու դատարանի որոշմամբ կալանավորվել: Կալանքի տակ գտնվելու ընթացքում պատգամավորի պաշտպանները բազմիցս բարձրաձայնել են նրա առողջական խնդիրների մասին՝ նշելով, որ իրենց պաշտպանյալի կյանքին վտանգ է սպառնում: Ազգային անվտանգության ծառայության ԱԱԾ տարածած հաղորդագրությունում, մասնավորապես ասված էր, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրմամբ սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին:

Նմանատիպ նյութեր