211652_close_icon
views-count1868 դիտում article-date 13:19 08-02-2019

Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Հ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը միաձայն ընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ փետրվարի 8-ին տեղի ունեցած նիստում նրա թեկնածությունն առաջադրեց ԱԺ-ում մեծամասնություն ունեցող «Իմ քայլը» խմբակցությունը: Նախագահի տեղակալի պաշտոնում առաջադրված Հերիքնազ Տիգրանյանը հույս հայտնեց, որ իրենց հանձնաժողովը կկարողանա արդարացնել հանրության սպասելիքները: «Որքանով որ ակնկալիքները այս մեր հանձնաժողովից հանրության մոտ շատ ավելի մեծ են, որովհետև իրենց կյանքի որակի փոփոխությունները սպասում են հենց մեր հանձնաժողովից, կարծում եմ, որ կկարողանանք արդարացնել իրենց սպասելիքները: Կարծում եմ՝ երկար տարիների կուտակած փորձս կկարողանամ ծառայեցնել ի շահ մեր հանձնաժողովի աշխատանքների»,- նշեց Տիգրանյանը: Հանձնաժողովն առաջին նիստում միաձայն հաստատեց նաև հանձնաժողովի աշխատակարգի նախագիծը: «Սա տիպային աշխատակարգի օրինակ է և ամբողջությամբ արտացոլում է Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի դրույթները: Ցանկացած դեպքում, եթե կարիք լինի, կարող ենք նիստ հրավիրել և աշխատակարգում որոշակի փոփոխություններ իրականացնել»,- ասաց հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը: ՀՀ Ազգային ժողովի Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի կազմը բաղկացած է 12 անդամից: «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովում ունի 8, «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները՝ 2-ական անդամ:

Նմանատիպ նյութեր