211652_close_icon
views-count1158 դիտում article-date 10:48 06-02-2019

Մեր դիրքերը քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ասպարեզներում թուլացել են․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ տեղի են ունենում հանդիպումներ: Սակայն բանակցություններ դեռ չեն սկսվել: Կողմերն առայժմ «շոշափում» են միմյանց, ինչպես որ դա լինում է բռնցքամարտի առաջին ռաունդում: Բայց, իմ տպավորությամբ, այդ ռաունդը մոտենում է ավարտին: Ադրբեջանական կողմի դիրքորոշումը, որը ձևավորվել է մոտավորապես 2003 թվականին, երբ իշխանության է եկել Իլհամ Ալիևը, պարզ է: Բանակցություններն, ադրբեջանական կողմի տեսանկյունից, ընթանում են հայկական ուժերի՝ սկզբում մի քանի շրջաններից, այնուհետև 7 շրջաններից, իսկ, որպես նպատակ՝ նաև նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքից դուրսբերման շուրջ: Ադրբեջանը պնդում է նաև, որ այդ գործընթացի շրջանակներում պատերազմի արդյունքում «տեղահանված» ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց տները: Որպես իր կողմից փոխզիջման տարր՝ հարևան հանրապետության ղեկավարությունը նշում է, որ գուցե այդ ամենից հետո Լեռնային Ղարաբաղին կտա բարձր կարգի ինքնավարություն: Մի խոսքով՝ դուք ձեր զինված ուժերը դուրս բերեք, իսկ մենք մտածենք: Կարծում եմ՝ աշխարհիս երեսին չկա որևէ հայ, որը չի հասկանում, թե ինչ հետևանքների է բերելու այս ծրագրի իրականացումը՝ դա հազարավոր հայերի դաժան սպանության և տեղահանման ծրագիր է: Ավելին՝ վստահ եմ, որ դա մահացու սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար: Մինչև հեղափոխությունը ի՞նչ էր հակադրում Հայաստանը հակառակորդի այդ կարծր, անզիջում, առավելապաշտական դիրքորոշմանը: Իհարկե, տարբեր ժամանակ տարբեր բաներ էին ասվում, բայց ընդհանուր միտումը հետևյալն էր. Հայաստանը դեմ չէ 5, անգամ 7 շրջաններ հանձնելուն, եթե Լեռնային Ղարաբաղին սկզբնական շրջանում տրվի միջազգայնորեն ընդունված միջանկյալ կարգավիճակ և հետո հնարավորություն տրվի հանրաքվե անցկացնելու: Համաձայնեք, երկու դիրքորոշումների միջև չկա սիմետրիա, երկրորդը շատ ավելի «փոխզիջումային» է, քան առաջինը: Ընդ որում, այդ մեղմ դիրքը բռնում է 1992-94 թվականների պատերազմի արդյունքներով առավելության հասած կողմը՝ չնայած սովորաբար հակառակն է լինում: Ուրեմն պետք է ենթադրել, որ 24 տարվա ընթացքում մեր դիրքերը քաղաքական, տնտեսական և դիվանագիտական ասպարեզներում թուլացել են: Ադրբեջանն էլ, հակառակը, կարողացել է միջազգային հանրության վզին փաթաթել «մադրիդյան» տիպի սկզբունքներ, վկայակոչում է 26 տարի առաջ ընդունված ՄԱԿ-ի «4 բանաձևերը» (որոնք կապ չունեն այսօրվա խնդիրների հետ) և առաջին պլան մղում «տարածքներից զորքերի դուրսբերումը»: Ներկայիս վարչապետը կարևոր և ճիշտ շեշտադրում է արել՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց» ծրագիրը չի քննարկվի: Պետք է անել հաջորդ քայը և հայտարարել, թե, հայկական կողմի կարծիքով, ի՛նչ պետք է քննարկվի՝ Արցախի միջազգայնորեն ճանաչված անկախությունը և Հայաստանի հետ վերամիավորումը: Առավելապաշտությանը պետք է առավելապաշտություն հակադրենք և մտածենք, թե որոնք են աշխարհում մեր ծրագրերն իրագործելու ռեսուրսները»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր