211652_close_icon
views-count1862 դիտում article-date 20:48 05-02-2019

Հանրային բնապահպանական դատարանը քննել է «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը

Սույն թվականի փետրվարի 5-ին Հանրային բնապահպանական դատարանը քննեց «Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ջրային պաշարների հաշվեկշռի խախտման վերաբերյալ» գործը՝ ըստ Հայկական բնապահպանական ճակատ նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանի դիմումի: Գործը քննեցին դատավորներ՝ էկոլոգ-իրավաբան Նազելի Վարդանյանը, հրապարակախոս, ազգագրագետ Հրանուշ Խառատյանը, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը: Դիմումատու Լևոն Գալստյանը նշեց, որ Արարատյան արտեզյան ավազանում ջրային ռեսուրսների գերշահագործման հետևանքով արձանագրվել է հետևյալը պատկերը. 1. Արարատյան արտեզյան ավազանի դրական ճնշում ունեցող ստորերկրյա ջրերի տարածքի մակերեսի կրճատում 3 անգամ՝ 32 760 հա-ից (1983թ.) մինչև 10 706 հա (2013թ.): Արդյունքում՝ 31 համայնք մասամբ կամ ամբողջությամբ զրկված է ինքնաշատրվանող հորատանցքերով ստացվող ոռոգման և խմելու ջրից: 2. Էջմիածնի տարածաշրջանի 303 ինքնաշատրվանող հորատանցքերի պիեզոմետրիկ մակարդակների նվազում և ելքերի կրճատում մինչև 10 անգամ: Խմելու-կենցաղային և/կամ ոռոգման նպատակով օգտագործվող 122 հոր շատրվանող չէ: 3. Մասիսի տարածաշրջանում մակարդակների նվազում 3,9-15 մետրով, ինչն էլ ուղեկցվում է ջրերի ծախսի 43,7-198 լ/վրկ նվազումով: 4. 1983-2013թթ. Սևջուր-Ակնալիճ աղբյուրների ելքերի կրճատում մոտ 6 անգամ: Վտանգվում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքն ու 29 համայնքների 8180 հա հողատարածքների ոռոգումը: 5. Ձկնաբուծության նպատակով հորատված 127 հորատանցք շատրվանող չէ: 6. Ջրի նվազող պահանջարկը բավարարելու նպատակով տարբեր տարիներին Սևանա լճից տարեկան 50-170 մլն. խմ ծավալով լրացուցիչ ջրի բացթողում, ինչը վտանգում է լճի էկոհամակարգը: 7. Արարատյան դաշտում մոտ 400 հազար գյուղացի կանգնած է գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու հնարավորության կորստի փաստի առաջ, ինչն էլ կառաջացնի ոչ միայն սոցիալ-տնտեսական լուրջ խնդիրներ, այլ նաև կնպաստի արտագաղթի նոր ալիքի բարձրացմանը: «…Տարիների ընթացքում տրամադրել են սահմանվածից ավելի ջրօգտագործման թույլտվություններ, չեն վերահսկել ջրառը Արարատյան դաշտում՝ ինչն էլ հենց պատճառ է հանդիսացել նշյալ տարածքում վերոնշյալ էկոլոգիական աղետալի վիճակի առաջացման համար: Դիմելով Հանրային էկոլոգիական դատարան հուսով եմ, որ ձեր կողմից կիրականացվի լրիվ, օբյեկտիվ և անաչառ քննություն, և միջոցներ կձեռնարկվեն օրինախախտ պաշտոնյաներին՝ թե ներկայիս, թե նախկին, քրեական պատասխանատվության ենթարկելու և ՀՀ հասցված էկոլոգիական և տնտեսական վնասները վերականգնելու ուղղությամբ», - ասաց Լևոն Գալստյանը: Որպես տուժողներ հանդես եկան «ԱԼՏ» հեռուստաընկերության տնօրեն Խաչիկ Դանիելյանը, «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը, «Հայ ձկնաբույծների միավորում» ՀԿ-ի նախագահ Արմեն Բունիաթյանը, Արարատի մարզի բնակիչ Հայկանուշ Հովհաննիսյանը, «Արմաշ» գյուղական համայնքների աջակցման և զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Տիգրան Մաթևոսյանը, էներգետիկ փորձագետ Էդուարդ Արզումանյանը, «Հասարակական պաշտպանների միություն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արամ Գրիգորյանը, ԷկոԼուրի փորձագետ Ռոզա Ջուլհակյանը: Արարատի մարզպետարանի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը, ներկայացնելով ՀՀ կառավարության կողմից խնդրի կարգավորմանն ուղղված միջոցառումները՝ մասնավորապես նշեց, որ 2016 թ-ին ՀՀ նախագահի կողմից հրահանգ է եղել կրճատել ջրօգտագործման ծավալները: 2017 թ-ին ՀՀ վարչապետի 413-Ն որոշման համաձայն մշակվել է միջոցառումների ծրագիր Արարատյան արտեզյան ավազանի ջրային ռեսուրսների խնայման ու խորքային հորերի հնարավորինս կոնսերվացման համար: Իսկ մոտ 10 օր առաջ ՀՀ կառավարության աշխատակազմից Արարատի և Արմավիրի մարզպետարաններ, էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների և բնապահպանության նախարարություններին ուղարկվել է գրություն Արարատյան դաշտի արտեզյան ջրային ռեսուրսների առկա վիճակի վերլուծություն և վերականգնման ծրագրերի նախագիծ կազմելու վերաբերյալ: Դատարանը, լսելով կողմերին, [b]ՎՃՌԵՑ ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԻ.[/b] 1. Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրային պաշարների գերսպառումը, ինչը հանգեցրել է բնապահպանական աղետի, ճանաչել որպես բնապահպանական հանցագործություն: 2. Ստեղծված իրավիճակի համար պատասխանատու ճանաչել այն պաշտոնատար անձանց, ում ստորագրություններով տրվել են ջրօգտագործման թույլտվություններ, որոնք առաջացրել են էկոհամակարգային հավասարակշռության խախտում և ջրային ռեսուրսի գերնորմատիվային սպառում, մակերևութային և ստորերկրյա ջրերի քանակությունների նվազում և որակի վատթարացում: 3. Դիմել ՀՀ Դատախազություն` - Արարատյան արտեզյան ջրավազանի ջրի օգտագործման անօրինական թույլտվություններ տված պաշտոնյաների նկատմամբ քրեական գործերի հարուցման և նրանց գործողությունների հետևանքով պետությանը և քաղաքացիներին պատճառած վնասների վերականգնման պահանջով: 4. Դիմել ՀՀ Վարչապետին` խնդրելով հանձնարարել հետևյալ գերատեսչություններին` ա) ՀՀ բնապահպանության նախարարությանը. • չկատարել ջրերի բաշխում, եթե այն վնաս է հասցնում ազգային ջրային պաշարին /«Ջրի ազգային քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդ., 2-րդ մաս /: • Դասակարգել Արարատյան դաշտի խորքային ջրերն ըստ օգտագործվող գործառույթի և կարգավիճակի /ՀՀ Ջրային օրենսգիրք, 10-րդ հոդ., 4-րդ մաս/ • Մշակել Արարատյան հարթավայրում շրջանառու կամ կրկնակի ջրօգտագործման համակարգի անցման միջոցառումների ծրագիր և ժամանակացույց (ըստ տարիների սկսելով խոշոր ջրօգտագործողներից (300լ/վրկ և ավել ջրօգտագործում): Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 1998թ. մարտի 31-ի թիվ 216 որոշումը և «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքը, չեղյալ համարել թույլտվություն ունեցող, սակայն դեռևս չհորատված խորքային հորերի հորատման թույլտվությունները: • Կոնսերվացնել կամ լիկվիդացնել առկա տիրազուրկ հորերը: • Վերանայել ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի քանակները՝ դրանք համապատասխանեցնելով փաստացի ձկան քանակության նորմատիվ պահանջներին: • Մշակել և ներդնել ձկնաբուծական տնտեսություններից հեռացվող ջուրը ոռոգման նպատակներով օգտագործման համակարգ, կամ ջրօգտագործման շրջանառության համակարգ: բ) ՀՀ ազգային անվտանգության խորհրդին առաջարկել. • Քննության առարկա դարձնել Արարատյան դաշտի արտեզյան ավազանի ջրի մակարդակի նվազման ազդեցությունը՝ - անապատացման և դրանից բխող ռիսկերը; - Հայկական ատոմային էլեկտրակայանի անվտանգության ռիսկերը; - պարենային անվտանգության ռիսկերը: գ) ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային կոմիտեին. • Մշակել Արարատյան հարթավայրում ստորերկրյա ջրերով ոռոգման համակարգը մակերևութային ջրերով փոխարինելու միջոցառումների ծրագիր և այն դնել կիրարկման մեջ: • ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների հետ մշակել ձկնաբուծական տնտեսությունների կողմից հեռացվող ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու հայեցակարգ, այն դնել կիրարկման մեջ, ինչի արդյունքում ստորերկրյա ջրերի արդյունահանումը կնվազի մոտ 2000լ/վրկ ծավալով, իսկ ոչ ոռոգման սեզոնին` կրկնակի անգամ: • Համակարգի ինքնաշատրվանող խորքային հորերը բերել փականային ռեժիմի՝ չափագրելով և կապարակնքելով դրանք: • Տեխնիկական վատ վիճակում գտնվող հորերը փականային ռեժիմի բերվելու անհնարինության դեպքում պարտադրել շահագործողներին հորերը կոնսերվացնել իրենց հաշվին: • ՋՕԸ-երին տալ սահմանված կարգով ջրառի հաշվառում իրականացնելու և հաշվետվողականության պահանջների պարտադիր կատարման հանձնարարականներ: • Հստակեցնել ոռոգման նպատակով ջրառի նորմատիվ պահանջները։ դ) ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությանը. • ՀՀ Արարատի մարզի 141 ինքնաշատրվանող հոր օգտագործող 13 գյուղական համայնքների կարիքների համար մշակել կենտրոնացված ջրամատարարարման համակարգ: • Կարիքների գնահատումից և ցանցի ստեղծումից հետո համայնքների բյուջեի հաշվին կոնսերվացնել կամ լիկվիդացնել ավելորդ (չշահագործվող) հորերը: ե) ՀՀ կառավարության Բնապահպանական և ընդերքի տեսչական մարմնին • ՀՀ օրենքով սահմանված կարգով կազմակերպել համալիր վերահսկողություն` Արարատյան արտեզյան ավազանից ջրառ իրականացնող, ձկնային տնտեսություններում, ջրօգտագործող ընկերություններում և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում: • Վերահսկողության արդյունքների վերլուծություններից հետո մշակել ոլորտում առկա խնդիրների բարելավմանն ուղղված միջոցառումներ և առաջարկի տեսքով դրանք ուղղել ըստ պատկան մարմինների։ զ) Ջրային կոմիտեին, անհրաժեշտության դեպքում «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին. • Ջրօգտագործվող ինքնաշատրվանող խորքային հորերը սահմանված կարգով բերել փականային ռեժիմի: • Ապահովել ջրառի ծավալների հաշվառումը, խմելու-քաղցրահամ ջուրն օգտագործել բացառապես այդ նպատակով: • Բացառել կոյուղաջրերի արտահոսքը գյուղատնտեսական հողեր: • Մշակել ջրակորուստների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ծրագիր, օրենքով սահմանված կարգով այն համաձայնեցնել ՀՀ բնապահպանության նախարարության հետ և իրականացնել ծրագիրը: է) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին. • վերանայել տնտեսվարող սուբյեկտների համար սահմանված ջրի մատակարարման սակագները: Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Դատավարության բոլոր փաստաթղթերը, ներառյալ վճռի ամբողջական տեքստը հասանելի կլինեն www.ecolur.org կայքում՝ 10-օրյա ժամկետում:

Նմանատիպ նյութեր