211652_close_icon
views-count2026 դիտում article-date 23:04 05-02-2019

«Գյուրջիև» համույթը Ռիգայում հանդես է եկել Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգով

Ռիգայի «ՎԷՖ» մշակույթի պալատում փետրվարի 4-ին կայացել է «Գյուրջիև» համույթի համերգը՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին, որը ՀՀ մշակույթի նախարարության և GK կլինիկայի աջակցությամբ նախաձեռնել և կազմակերպել էր Լատվիայում ՀՀ դեսպանությունը (նստավայրը՝ Վիլնյուս): Միջոցառմանը ներկա էր Լատվիայի մշակույթի նախարար Դացե Մելբարդեն (Dace Melbārde), Բալթյան երկրներում հայ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով քահանա Ստեփանյանը, Լատվիայի կաթոլիկ եկեղեցու առաջնորդ, արքեպիսկոպոս Զբիգնև Ստանկևիչսը (Zbigniew Stankiewicz), Լատվիայում հավատարմագրված դեսպաններ և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լատվիացի արվեստագետներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ելույթ ունենալով միջոցառմանը՝ Լատվիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը նշել է, որ «Գյուրջիև» համույթն իր ինքնատիպ ստեղծագործական ոճով և ունեցած հաջողություններով հայկական հարուստ երգարվեստը լավագույնս ներկայացնում է աշխարհի շատ երկրներում և նպաստում հայկական մշակույթի տարածմանը: Դեսպանը նաև հավելել է, որ բալթյան երկրներում իրենց առաջին շրջագայության ընթացքում սա համույթի 4-րդ համերգն է, և Լիտվայում տեղի ունեցած նախորդ երեքն արժանացել են հանդիսատեսի բարձր գնահատականի: Համերգին բացման խոսքով հանդես է եկել նաև համույթի գեղարվեստական ղեկավար Լևոն Իսկենյանը, ով լատվիացի հանդիսատեսին ներկայացրել է Կոմիտաս Վարդապետի ունեցած ահռելի ավանդը հայկական ազգային երաժշտական ոճի պահպանման և մշակման գործում: Լատվիայում մեծ հետաքրքրություն առաջացրած համերգը լայնորեն լուսաբանել են լատվիական պետական և մասնավոր հեռուստաընկերությունները, ինչպես նաև այլ ԶԼՄ-ներ:

Նմանատիպ նյութեր