211652_close_icon
views-count1865 դիտում article-date 16:59 05-02-2019

ՀՀ ԱԳ նախարարությունը բարձրացնելու է Ադրբեջանին իսրայելական անօդաչուներ վաճառելու հարցը

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է երկկողմ ու բազմակողմ տարբեր հարթակներում բարձրացնել Ադրբեջանին Իսրայելի կողմից անօդաչուներ վաճառելու հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: «Տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը մշտապես եղել է մեր օրակարգում, և մենք բարձրաձայնել ու բարձրաձայնելու ենք այդ խնդրի մասին, ինչպես երկկողմ հանդիպումների ժամանակ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: Այս հարցը բացառություն չի լինելու»,- ասաց Նաղդալյանը: ԱԳ նախարարության մամուլի խոսնակն ընդգծեց, որ պետք է մեր միջազգային գործընկերներին մշտապես կրկնել այն ուղերձը, որ մեր տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքը շատ վտանգավոր է: Փետրվարի 4-ին Իսրայելի պաշտպանության նախարարությունը չեղարկել է նախկինում սահմանված արգելքն ու իսրայելական Aeronautics ընկերությանը թույլ տվել Ադրբեջանին վաճառել հայկական կողմի դեմ կիրառված «մահապարտ» անօդաչու թռչող սարքերը: 2017 թվականին Aeronautics Defense Systems Ltd.-ին կասկածել էր իր «մահապարտ» անօդաչուներից մեկը փորձարկելու ժամանակ այն ընդդեմ հայկական զինուժի կիրառելու համար: Դա դիտարկվել էր որպես Իսրայելում գործող օրենքի խախտում, ինչի հետևանքով ընկերությանն արգելվել էր անօդաչուներն ադրբեջանական կողմին վաճառել:

Նմանատիպ նյութեր