211652_close_icon
views-count1489 դիտում article-date 10:49 05-02-2019

Պետք չէ տրվել պոպուլիզմին․ շատ բաներ կարելի է դնել «ճիշտ ռելսերի վրա»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Եթե ուզում եք շոշափել ժողովրդական տրամադրությունները, գոնե շաբաթը մեկ տաքսի նստեք: Ինչ էին ասում տաքսիստները մի տարի առաջ. «Սաղ թալան ա, սաղ փախան, էս երկրում էլ մարդ չի մնացել, կերան էս ժողովրդին»: Կես տարի առաջ. «Թողեք, վերջնական գնացեք, էլի, չե՞ք տենում՝ էս ժողովուրդը ձեզ չի ուզում»: Հիմա. «Է՜հ, էս ջահելներն էլ մի բան չկարացան անել»: Առաջ չէի ընդունում, հիմա էլ չեմ ընդունում ծայրահեղ բացասական գնահատականները: Համաձայն չեմ նաև, որ նոր իշխանությունները ոչ մի լավ բան չեն արել: Բայց հասկանում եմ, որ անկախ բոլոր դրական փոփոխություններից՝ «ժողովրդական մակարդակով» դժգոհ արձագանքները շարունակվելու են, խորանալու են և մեկ տարուց հասնելու են «թալանին» և «ժողովրդին ուտելուն»: Առաջվա նման՝ հիմա էլ փորձում եմ ներկայացնել իմ բարեկամական դիտարկումները: Պետք չէ ասել բաներ, որոնք տեսանելի ապագայում իրականություն չեն դառնա: Օրինակ՝ Աջափնյակում մետրոյի երկու նոր կայարաններ մոտակա 5 տարում չեն բացվի: Ավելի լավ է՝ ոչինչ չասել և հաճելի անակնկալ մատուցել, քան խոստանալ, իսկ հետո արդարանալ, թե ինչու դա տեղի չի ունեցել: Պետք չէ անել և ասել բաներ, որոնք թեև չեն հակասում օրենքին, բայց անհրաժեշտ չեն: Օրինակ՝ որ ԱԺ նախագահի համար հույժ կարևոր է ապրել կառավարական «դաչաներում»: Իսկ ինչո՞ւ խորհրդարանի երկու նախորդ խոսնակները «դաչաներում» չէին ապրում: ԱԺ նախագահը Հայաստանում այն պաշտոնը չէ, որի համար անվտանգության ինչ-որ արտակարգ միջոցառումներ են պետք՝ նա ճակատագրական որոշումներ ընդունող չէ: Վարչապետի համար, այո, նման միջոցառումներ պետք են, որովհետև նախ՝ հենց նա՛ է ամեն ինչ որոշում, երկրորդ՝ ներսում և դրսում կան բազմաթիվ ազդեցիկ ուժեր, որոնք, մեղմ ասած, նրա «չուզողներն» են: Սխալ գործողություն անելիս պետք չէ «երկար-բարակ» հիմնավորումներ փնտրել՝ սխալն արդարացնելու համար: Պարգևավճարներ տալն այդպիսի մի սխալ էր, որն, այո, պայմանավորված է անցյալի իներցիայով: 80 հազար դրամ աշխատավարձ ստացող քարտուղարուհին պետք է պարգևավճար ստանա՝ օրենքի համաձայն, տարին 2 անգամ, իր աշխատավարձի չափով, վերադասի դրական եզրակացության հիման վրա (ի դեպ, համաձայն եմ, որ պարգևավճարի չափն այս դեպքում չպիտի հրապարակվի): 4-5 հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող պաշտոնյան չպիտի պարգևավճար ստանա, առավել ևս՝ չպիտի պարգևատրվի մի քանի միլիոն դրամով: Պետք է այդքանն ընդունել և անցնել առաջ: Հակառակը՝ երբ ճիշտ բան է արվում (օրինակ՝ կառավարության կազմի օպտիմալացում կամ փողոցային առևտրի արգելում), պետք չէ տրվել պոպուլիզմին և «հետողորմյա անել»: Վստահության պաշարն առայժմ այնպիսին է, որ շատ բաներ կարելի է դնել «ճիշտ ռելսերի վրա»: Հետո ուշ կլինի: Իսկ քաղաքացիներին կառաջարկեի չհիանալ և չհիասթափվել, հույսերով չբոցավառվել և հուսախաբ չլինել: Ինչպես և շատ այլ հարցերում՝ արժե ընտրել ծայրահեղ հրճվանքի և ծայրահեղ մերժողականության միջև «միջին ճանապարհը»»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր