211652_close_icon
views-count1752 դիտում article-date 16:32 01-02-2019

Առաջարկվում է արգելել խոշտանգում կատարած անձանց նկատմամբ համաներման կիրառումը. նախարարությունը նախագիծ է ներկայացրել

ՀՀ արդարադատության նախարարությունը e-draft իրավական ակտերի նախագծերի հրապարկման միասնական կայքում հանրային լայն քննարկման է ներկայացրել մի նախագիծ, որով առաջարկում է արգելել խոշտանգում կատարած կամ անմարդկային վերաբերմունք դրսևորած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատումը, այդ անձանց ներմամբ, համաներմամբ ազատումը, ինչպես նաև պատիժը պայմանական չկիրառելու ինստիտուտի կիրառումը: Գործող օրենսդրությամբ խոշտանգման հանցակազմի նկատմամբ վաղեմության ժամկետները կիրառելի են: «Անդրադառնալով համաներման և խոշտանգման անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցների խնդրին՝ անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 7-ին ընդունեց «Ներման մասին» ՀՀ օրենքը, որի 7-րդ հոդվածի 4-րդ մասով հստակ ամրագրվեց, որ ներում չի շնորհվում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված՝ խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործության կամ խոշտանգման համար դատապարտված անձին: Համաներման մասով ՀՀ գործող օրենսդրությամբ նման բացառություն սահմանված չէ: Նման արգելք չի նախատեսվում նաև պատիժը պայմանականորեն չկիրառելու ինստիտուտի հետ կապված: Ընդհանուր առմամբ, միջազգային իրավունքում ընդունված է, որ ոչ միայն խոշտանգման հանցակազմի, այլև որոշ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում վաղեմության ժամկետի կիրառումն անթույլատրելի է»,- նշված է նախագծում: Ըստ նախագծի` խոշտանգում կատարած անձանց քրեական պատասխանատվությունից կամ պատժից վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով ազատելու, այդ անձանց նկատմամբ համաներում, ինչպես նաև այդ արարքի անպատժելիությանը հանգեցնող այլ համարժեք միջոցներ կիրառելու արգելք նախատեսող օրենսդրական հիմքերի ամրապնդման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորություններից՝ նպատակ հետապնդելով երաշխավորել վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված կարգավորումների ամբողջական իմպլեմենտացիան ազգային մակարդակում: «Առաջարկվող օրենսդրական փոփոխությունների պայմաններում կապահովվի լիարժեք համապատասխանություն ՀՀ ստանձնած միջազգային պարտավորությունների և ներպետական օրենսդրությամբ սահմանված իրավակարգավորումների միջև: Միաժամանակ, կբարձրանա խոշտանգման դեպքերի քննության և անպատժելիության դեմ պայքարի արդյունավետությունը, իրավական բնույթի որակական նոր հիմքերի վրա կդրվի պաշտոնատար անձանց կողմից բռնությունների գործադրման դեմ պետության կողմից տարվող քրեական քաղաքականությունը», - նշված է նախագծում:

Նմանատիպ նյութեր