211652_close_icon
views-count2033 դիտում article-date 16:10 01-02-2019

Տիգրան Խաչատրյանը գործարարների հետ քննարկել է հարկային օրենսդրությանը վերաբերող առաջարկներ

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է գործարար համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության միջև պայմանավորվածության՝ Միության կողմից ձևավորված փորձագիտական խումբը պետք է մշակի և վարչապետի մոտ քննարկման ներկայացնի հարկային օրենսդրության փոփոխության հայեցակարգային փաստաթուղթ։ Ներկայացվող առաջարկությունների շնորհիվ Հարկային օրենսգիրքը բիզնեսի համար առավել նպաստավոր և շահեկան պետք է դառնա՝ ընդունելի լինելով թե՛ պետության և թե՛ գործարար համայնքի համար։ Առաջարկությունների փաթեթի մշակման աշխատանքներում ներգրավվել են ոչ միայն Արդյունաբերողների և գործարարների միության անդամները, այլև մասնագիտական խորհրդատվական կառույցների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում փորձագիտական խումբը ներկայացրել է Հարկային օրենսգրքի փոփոխության հայեցկարգային փաստաթղթի նախագիծը։ Նախարար Տիգրան Խաչատրյանի հետ քննարկվել են փաստաթղթում ներկայացված մի շարք հարցեր, որոնք առնչվում են վարչարարական համակարգի կատարելագործմանը, հարկային դրույքաչափերին, արտոնությունների համակարգին, տրամադրվող ծառայություններին և այլն։ Քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը։

Նմանատիպ նյութեր