211652_close_icon
views-count773 դիտում article-date 11:20 01-02-2019

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ քննարկում քրեակատարողական հիմնարկների բժիշկների համար

Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է հատուկ դասընթաց-քննարկումների շարք Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների, այդ թվում՝ բժիշկների, հոգեբանների, ազատությունից զրկված անձանց հետ անմիջականորեն շփում ունեցող անվտանգության ապահովման բաժնի և հերթապահ խմբի աշխատակիցների համար: Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, միջոցառման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարևորել է նման ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ արձանագրելով բժշկական օգնության և սպասարկման ոլորտում իրավասու պետական մարմինների բացթողումները: «Առաջնահերթ նշանակության հարց է քրեակատարողական հիմնարկներում աշխատող բժիշկների արժանապատիվ սոցիալական երաշխիքների, նրանց պարբերական վերապատրաստումների համակարգի ներդրումը: Առաջնահերթ է նաև բժիշկների անկախության ապահովումը և ազատությունից զրկված անձանց հետ շփումներում բժիշկ-պացիենտ վստահության վրա հիմնված հարաբերությունների երաշխավորումը»,- նշել է Արման Թաթոյանը: Առաջիկա օրերի ընթացքում անցկացվող քննարկումների ու դասընթացների շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի աշխատակիցները կներկայացնեն խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ոլորտի ներպետական և միջազգային չափանիշները: Կքննարկվեն հարցեր քրեակատարողական հիմնարկների սոցիալ-հոգեբանական և բժշկական հիմնախնդիրների, մասնավորապես՝ քրեակատարողական հիմնարկներում հոգեբանական խորհրդատվության, առողջապահական ծառայությունների կազմակերպման, բժշկական էթիկայի, ինքնասպանությունների կանխարգելման և հացադուլի վարման վերաբերյալ: Նշենք, որ դասընթաց-քննարկումը կազմակերպվել է «Ազգային կանխարգելման մեխանիզմի վերաբերյալ ՄԱԿ-ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի առաջարկությունների իրականացում և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների հզորացում» ծրագրի (OPCAT) շրջանակում։

Նմանատիպ նյութեր