211652_close_icon
views-count795 դիտում article-date 19:47 31-01-2019

Արարատ Միրզոյանն ընդունել է Գանայի Հանրապետության դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 31-ին ընդունել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին (նստավայրը՝ Մոսկվա): Խորհրդարանի ղեկավարը, շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձնման կապակցությամբ, համոզմունք է հայտնել, որ նա իր փորձը կներդնի երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Ընդգծելով միջազգային հարթակներում երկու երկրների համագործակցությունը` Արարատ Միրզոյանն անհրաժեշտ է համարել նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացումը, ինչի համար առկա են բոլոր հիմքերը: Ազգային ժողովի նախագահը, ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը, նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը: Անդրադառնալով երկկողմ համագործակցության հեռանկարներին` օրենսդիր մարմնի ղեկավարը կարեւորել է Գանայի Հանրապետության դերակատարությունը աֆրիկյան տարածաշրջանի երկրների հետ փոխգործակցության զարգացման հարցում: Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, վստահեցրել է, որ կանի հնարավորը նպաստելու երկկողմ կապերի ակտիվացմանը եւ հետագա համագործակցության պատրաստակամություն հայտնել: Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեն եւս անհրաժեշտ է համարել երկու երկրների խորհրդարանների միջեւ շփումների աշխուժացումը, ինչը կնպաստի հարաբերությունների խթանմանը: Անդրադառնալով արցախյան հիմնախնդրին` դեսպանը հույս է հայտնել, որ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով:

Նմանատիպ նյութեր