211652_close_icon
views-count2156 դիտում article-date 13:57 31-01-2019

Տիգրան Խաչատրյանը և ՀՀ-ում Թունիսի դեսպանը քննարկել են ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը:

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թունիսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամեդ Ալի Շիհին: Ինչպես հայտնեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվութան և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և հաջողություն մաղթել իր կարևոր և պատասխանատու աշխատանքում: Նախարարը և դեսպանն արձանագրել են երկկողմ առևտրի ցածր ցուցանիշները և պատրաստակամություն հայտնել գործադրելու դրանց բարելավմանը միտված ջանքեր: Կողմերը քննարկել են առաջիկայում համատեղ ներդրումային համաժողով անցկացնելու հնարավորությունը, որի ընթացքում տեղի կունենան նաև գործարարների B2B ձևաչափի հանդիպումներ, կներկայացվեն տարբեր ներդրումային ծրագրեր: Նախարար Խաչատրյանը նշել է, որ Թունիսը արդյունաբերական գոտիների, փոքր և միջին ձեռներեցության զարգացման գործում հաջող փորձառություն ունի, որով թունիսցի ձեռնարկատերերը կարող են կիսվել հայ գործարարների հետ: Նախարարի խոսքով՝ հայ գործարարներն էլ, իրենց հերթին, կարող են առաջարկել դիտարկել իրանական, ԵԱՏՄ շուկաներում գործունեություն ծավալելու, համատեղ ներդրումային ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև ներդրումների պաշտպանության երկկողմ համաձայնագիր մշակելու հնարավորությանը:

Նմանատիպ նյութեր