211652_close_icon
views-count1545 դիտում article-date 21:18 30-01-2019

Պաշտպանը բարձրացրել է ծանր հիվանդության հիմքով կալանավորված անձի խափանման միջոցը փոխելու հարց

Մարդու իրավունքների պաշտպանը Դատապարտյալների հիվանդանոցում գտնվող կալանավորված անձի բողոքի և քրեակատարողական հիմնարկ կատարված այցի հիման վրա սկսված քննարկման ընթացակարգի շրջանակներում Դատախազությանն ուղղված գրությամբ բարձրացրել էծանր հիվանդության հիմքովկալանավորված անձի նկատմամբ խափանման միջոցը փոխելու հարց: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացված ուսումնասիրության, ինչպես նաև Քրեակատարողական ծառայության կողմից տրամադրած տվյալների համաձայն՝ կալանավորված անձն ունի ծանր հիվանդություն, այն է՝ թոքի պերիֆերիկ քաղցկեղ՝ 4-րդ աստիճանի, ուռուցքային ինտոքսիկացիայով: Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ թեև առկա են օրենսդրական ոչ հստակ լուծումներ, այդ թվում՝ իրավական բաց, այդուհանդերձ անձի հիվանդություններն անհամատեղելի են նրան անազատության մեջ պահելու հետ և վտանգում են նրա խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու և կյանքի իրավունքները: Հարկ է նշել նաև, որ դիմողի նկատմամբ առկա է օրինական ուժի մեջ չմտած դատական ակտ, որը գտնվում է բողոքարկման փուլում: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոք ներկայացրած անձի մոտ առկա առողջական խնդիրների կապակցությամբ մշտական կապի մեջ է նաև Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի բուժանձնակազմի հետ:

Նմանատիպ նյութեր