211652_close_icon
views-count1682 դիտում article-date 17:58 30-01-2019

Ազգային ժողովի նախագահն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունվարի 30-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունին: Խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է երկու ժողովուրդների միջեւ բարեկամական կապերին ու պատմականորեն ձեւավորված հարաբերություններին, որոնք գալիս են դեռեւս Մեծ մետաքսի ճանապարհի ժամանակաշրջանից: Ազգային ժողովի նախագահը փաստել է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո հայ-չինական կապերը դինամիկ զարգացել են բոլոր ոլորտներում: Արարատ Միրզոյանը հույս է հայտնել, որ դեսպանի գործունեությունը` ուղղված երկու երկրների հարաբերություննների զարգացմանն ու խորացմանը շարունակական կլինի: Երկկողմ հարաբերությունների առավել սերտացման գործում Ազգային ժողովի նախագահը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Անդրադառնալով օրենսդիր մարմնում բարեկամական խմբերի ձեւավորմանը` Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ վերջիններիս փոխայցերի եւ ակտիվ համագործակցության շնորհիվ հայ-չինական հարաբերությունները կարձանագրեն զարգացման նոր արդյունքներ: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի մասին` խորհրդարանի ղեկավարն այս հարցում կարեւորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հավասարակշռված դիրքորոշումը` նշելով, որ Հայաստանի համար հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը կենսական նշանակություն ունի: ՀՀ-ում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին խորհրդարանի ղեկավար ընտրվելու առթիվ, մաղթել է բեղմնավոր աշխատանք: Դեսպանը բարձր է գնահատել բարեկամ երկրների խորհրդարանների սերտ համագործակցությունն ու փոխայցերը: Թիան Էրլունը նշել է, որ Հայաստանը Չինաստանի ռազմավարական գործընկերն է եւ իրենք պատրաստ են ջանքեր ներդնել խորացնելու եւ նոր մակարդակի բարձրացնելու երկկողմ փոխշահավետ համագործակցությունը բոլոր ուղղություններով: Խոսելով տարածաշրջանային խնդիրներից` դեսպանը հույս է հայտնել, որ ԼՂ հակամարտությունը կլուծվի խաղաղ բանակցային ճանապարհով: Կողմերը կարեւորել են համագործակցությունը մշակութային, կրթական, առեւտրատնտեսական, հումանիտար ոլորտներում` գոհունակությամբ արձանագրելով երկու երկրների միջեւ գրանցված առեւտրաշրջանառության ծավալի ավելացման փաստը:

Նմանատիպ նյութեր