211652_close_icon
views-count14962 դիտում article-date 18:52 29-01-2019

Հայ երկրպագուն հանրահայտ երգչուհի Նատալիա Օրեյրոյին հայերեն է սովորեցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ապրիլի 7-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա հանրահայտ երգչուհի, դերասանուհի Նատալիա Օրեյրոյի համերգը: Արտիստը մշտապես երազել է հանդես գալ Հայաստանում: Օրեյրոյի հայ երկրպագու Հարութ Մարկոսյանն այն եզակիներից է, ով իրականացրել է իր երազանքը և հանդիպել Նատալիա Օրեյրոյին, անգամ նրան հայերեն սովորեցրել: «Ամեն ինչ սկսվեց Հայաստանում: Ուրուգվայի ամենահայտնի ռադիոկայաններից մեկի աշխատակիցները որոշ ժամանակով Հայաստան էին եկել և այստեղ ռեպորտաժներ էին վարում: Ճակատագրի բերումով ծանոթացանք, և այնպես ստացվեց, որ Նատալիա Օրեյրոյի հետ խոսեցինք հենց իրենց ռադիոյի ուղիղ եթերով: Նրանք մեծ դժվարությամբ և մեծ ջանքերի գնով կարողացել էին կազմակերպել մեր վիրտուալ զրույցը: Խոսեցինք, երգեցինք ուղիղ եթերում: Այդ ամենն իրականում հեքիաթի էր նման»,-պատմում է Հարութը: Դրանից հետո Օրեյրոյի հայ երկրպագուն շարունակում է կապ պահպանել ուրուգվայցիների և ռադիոյի հետ, պարբերաբար հանդես գալիս ռադիոյի եթերների ընթացքում: Ռադիոյի միջոցով էլ 2017-ին հայտնվում է Արգենտինայում և Ուրուգվայում: Արգենտինայում երկրպագուն այցելում է Օրեյրոյի Las Oreiro խանութը, իսկ Ուրուգվայում, որտեղ տղան արդեն բավական հայտնի է, կատարվում է անսպասելին: «Ուրուգվայում եղել եմ բոլոր այն վայրերում, որոնք կապված են Օրեյրոյի հետ: Այցիս ամենաստացված ու գեղեցիկ անակնկալը Նատալիա Օրեյրոյի հետ հանդիպումն էր: Իսկապես անմոռանալի օր էր: Նատալիայի հետ հանդիպեցի նրա ստուդիայում: Ինձ համար անակնկալներ էր պատրաստել: Սկզբում դիմավորելիս իր երաժիշտների հետ երգեցին իմ ամենասիրելի երգը, որը միասին կատարել էինք եթերում մեր վիրտուալ զրույցի ընթացքում»,-պատմում է Հարութը: Հայ երկրպագուն Օրեյրոյին նաև հայկական նվերներ էր տարել, հայերեն խոսել սովորեցրել, պատմել Հայաստանի մասին և ասել, որ այստեղ նրան շատ են սիրում և հույս ունեն, որ մի օր կգա մեր երկիր: Օրեյրոն էլ պատասխանել է, որ մեծ սիրով կցանկանա Հայաստան գալ: Եվ հիմա նրա ցանկությունն իրականություն է դառնում: Հարութը կոչ է անում բոլորին հավատալ իրենց երազանքներին: Եվ ուրախությամբ սպասում է Նատալիա Օրեյրոյի առաջին երևանյան համերգին: Հիշեցնենք, որ Օրեյրոն Հայաստան է գալիս իր «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում՝ մեր երկիր բերելով երկու ժամանոց ինքնատիպ շոու: Արտիստը բեմում կլինի իր երաժիշտների ու պարողների հետ: Տեղեկացնենք, որ համերգը կազմակերպել են «ГАМАЮН Продакшн»-ը և «Վիար Թիքեթ Գլոբալ» ՍՊԸ-ն: Տոմսերն արժեն 5000-50 000 դրամ: Դրանք կարելի է ձեռք բերել [url=https://www.tomsarkgh.am/hy/event/41505/Natalia-Oreiro-Yerevan.html]tomsarkgh.am[/url] կայքից: Հանդիպման տեսագրությունը՝ հետևյալ [url=https://www.youtube.com/watch?v=llKrQaPhBqQ]հղումով[/url]:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+

Նմանատիպ նյութեր