211652_close_icon
views-count2542 դիտում article-date 21:04 29-01-2019

Արցախի ՄԻՊ-ը միջամտել է բուժհաստատությունում պահվող կալանավորված անձի իրավունքների պաշտպանության հարցում

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին է դիմել կալանավորված անձի փաստաբանը՝ հայտնելով, որ իր պաշտպանյալը գտնվում է ԱՀ բուժհաստատություններից մեկում և միայնակ ի վիճակի չէ ո՛չ տեղաշարժվելու, ո՛չ էլ հոգալու իր կենցաղային և բնական պահանջները: Փաստաբանը ներկայացրել է նաև, որ քանի որ վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ արգելվել է մերձավոր ազգականների տեսակցությունը, առկա պայմաններում գրեթե անհնարին է դարձել իր պաշտպանյալի պահման հիգիենիկ պայմանների ու անձնական խնամքի ապահովումը: Փաստաբանը խնդրել է Պաշտպանի միջամտությունը՝ կալանավորի իրավունքների պաշտպանությունն ապահովելու հարցում: Մարդու իրավունքների պաշտպան Ա. Բեգլարյանի հանձնարարությամբ աշխատակազմի համապատասխան մասնագետն այցելել է կալանավորին, հետաքրքրվել բուժսպասարկման և պահման պայմաններով: Առանձնազրույցի ընթացքում կալանավորը հայտնել է, որ ընդհանուր առմամբ գոհ է առկա պայմաններից, այնուամենայնիվ խնդրել է Պաշտպանի միջնորդությունը, որպեսզի իր առողջական վիճակով պայմանավորված, հիգիենիկ պայմաններն ու անձնական խնամքն ապահովելու համար, իր կնոջը թույլատրվի կարճ ժամանակով այցելություններ կատարելու իրեն: Նշված խնդիրը բարձրացնելուց հետո Պաշտպանին պետական լիազոր մարմնից հայտնել են, որ այն դրական լուծում է ստացել: Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանության իրավունքի) պաշտպանությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանը գոհունակություն է հայտնում պետական լիազոր մարմինների հետ զարգացող համագործակցության առթիվ: Պաշտպանը միևնույն ժամանակ անհրաժեշտ է համարում, որ հնարավորինս սեղմ ժամկետներում մշակվի և ընդունվի «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ԱՀ օրենքի 21-րդ հոդվածով սահմանված՝ ազատությունից զրկված անձանց բուժսպասարկումը և դրան առնչվող աշխատանքները կազմակերպելու կարգը, ինչի շնորհիվ զգալիորեն կբացառվեն մարդու իրավունքների հնարավոր խախտումներն այդ բնագավառում: [b]ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]

Նմանատիպ նյութեր