211652_close_icon
views-count760 դիտում article-date 14:34 29-01-2019

ՀՅԴ-ն կողմնակից է Հայաստանի բազմաբևեռ ու փոխլրացնող արտաքին քաղաքականությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած 33-րդ ընդհանուր ժողովի արդյունքներով հայտարարություն է ընդունել: Ներկայացնում ենք ՀՅԴ-ի տարածած հայտարարությունը: «2019 թ. հունվարի 16-24-ը Ստեփանակերտում կայացած Հ.Յ.Դ. 33-րդ Ընդհանուր Ժողովը արձանագրելով, որ՝ Անցնող քառամյակում կուսակցությունը, հարազատ մնալով իր ռազմավարական սկզբունքներին, մշտապես գործունեության առանցքում է պահել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության, Հայաստանի պետականության ամրապնդման, երկրի կայունության եւ անվտանգության հարցերը. Վերահաստատում է Արցախի հիմնահարցի վերաբերյալ նախապես հայտարարված դիրքորոշումները. Հայկական աշխարհը, իր բաղադրիչ մասերով` Հայրենիք եւ Սփյուռք, որպես մեկ միասնական ամբողջություն, այն ուժն է, որը կարող է մրցակցային առավելություններ ապահովել ժամանակակից աշխարհում. Ապրիլյան համաժողովրդական շարժման արդյունքում ապագայի նկատմամբ ոգեւորության եւ հույսի նոր ալիք է բարձրացել, որի ճիշտ հունավորումը կարող է ապահովել Հայաստանի եւ հայության հետագա առաջընթացը. Առաջիկա ժամանակահատվածում Հ.Յ.Դաշնակցությունը գործելու է ներքաղաքական և արագ փոփոխվող աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում. Հայկական Սփյուռքի կազմակերպման և զարգացման գործը շարունակում է մնալ Հ.Յ.Դ. համահայկական ռազմավարության էական բաղադրիչներից մեկը. Հ.Յ.Դ.-ն հավատարիմ է հայության Պահանջատիրությանն ու անժամանցելի իրավունքների վերականգնմանը. Հայտարարում է՝ Իբրեւ արտախորհրդարանական քաղաքական ուժ, ազգային ուղեգծին ու ընկերվարական (սոցիալիստական) իր գաղափարախոսությանը հավատարիմ, Դաշնակցությունը շարունակելու է իր մշտանորոգ ընթացքը, նպատակ ունենալով կերտել ազատության, արդարության և համերաշխության հիմնարար սկզբունքների վրա հիմնված իրավական, ժողովրդավարական և սոցիալական պետություն։ Հավատարիմ է մնալու «զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, թույլ չտալով որեւէ շեղում ազգային ուղեգծից ու նպատակադրումներից. Կողմնակից է Հայաստանի բազմաբեւեռ, փոխլրացնող արտաքին քաղաքականությանը. Որակական նոր թափ է հաղորդելու Հայ Դատի պայքարին. Շարունակելու է աջակցել ջավախահայության իրավունքների պաշտպանությանը. Վճռականորեն հակազդելու է ներազգային պառակտումների ցանկացած փորձի. Հանդես է գալու հայության ազգային, հոգեւոր հաստատությունների եւ արժեքների պաշտպանության հանձնառությամբ. Խրախուսելու է տարբեր հարթակներում կանանց առավել շոշափելի ներկայությունը։ Առ այդ, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է ուղղում աշխարհասփյուռ իր շարքերին, համակիրներին եւ ուղեկից կառույցներին՝ համախմբվելու հայության ու Մայր հայրենիքի կենսական շահերի շուրջ՝ հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստնի կերտման»:

Նմանատիպ նյութեր