211652_close_icon
views-count4455 դիտում article-date 12:36 29-01-2019

«Ազատ հայրենիքը» իր նշանակալի նպաստն ունի Արցախի պետականաշինության գործում. Արայիկ Հարությունյան

Արցախի առաջատար՝ «Ազատ հայրենիք» կուսակցությունը այսօր նշում է հիմնադրման 14-ամյակը: 2005 թվականի հունիսի 19-ին կուսակցությունը առաջին անգամ մասնակցել է Արցախի 4-րդ գումարման Ազգային ժողովի ընտրություններին և համամասնական ընտրակարգով ստացել շուրջ 37 տոկոս ձայն՝ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 12 մանդատով ձևավորել «Հայրենիք» խորհրդարանական խմբակցությունը։ 2010 թվականի մայիսի 23-ին կայացած ԱՀ 5-րդ գումարման ԱԺ ընտրություններին «Ազատ հայրենիք»-ի վստահության կապիտալը մեծացել է, քանի որ համամասնական ընտրակարգով ստացել է 46.4 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ 14 պատգամավորական մանդատով խորհրդարանում վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։ Իսկ 2015 թ.-ին մայիսի 3-ին կայացած 6-րդ գումարման խորհրդարանական ընտրություններին կուսակցությունը կրկին բարելավել է նախորդ արդյունքը համամասնական ընտրակարգով ստանալով 47.7 տոկոս ձայն և մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորների հետ միասին 15 մանդատով վերաձևավորել է «Հայրենիք» խմբակցությունը։ Հետագայում սեփական դիմումի համաձայն՝ խմբակցության պատգամավորներից՝ Ռուսլան Իսրայելյանը դուրս է եկել և այժմ 14 պատգամավորական մանդատով «Ազատ հայրենիք»-ը Արցախի Խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը: Կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը շուրջ 10 տարի՝ 2007-17թթ.-ը զբաղեցրել է Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնը: Կուսակցության հիմնադրման 14-ամյակի առթիվ Ա. Հարությունյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով. «Սիրելի՛ կուսակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ Այսօր նշում ենք «Ազատ հայրենիք» կուսակցության կազմավորման 14-ամյակը։ Շնորհավորում եմ բոլորիս այս խորհրդանշական օրվա առթիվ։ Թե՛ Մայր Հայրենիքում, թե՛ Արցախում քաղաքական մշակույթը շարունակում է զարգացման անխախտ ճանապարհը, և հընթացս սրա, վստահ եմ, կուսակցաշինության և կուսակցական կյանքի կարևորումը մեզանում է՛լ ավելի է մեծանալու։ Կարծում եմ՝ ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ «Ազատ հայրենիքը» տարիներ շարունակ արցախյան առաջատար քաղաքական ուժն է և իր նշանակալի նպաստն ունի պետականաշինության, տնտեսության, խորհրդարանականության և օրինաստեղծ պրակտիկայի զարգացման գործում։ Միևնույն ժամանակ, լինելով խորհրդարանում ամենամեծ ուժը՝ մենք հստակորեն գիտակցում ենք մեր առաջնակարգ պատասխանատվության աստիճանը, ինչպես նաև, ունենալով համապատասխան փորձառություն ու քաղաքական ասելիք, ձգտելու ենք շարունակել զբաղեցնել այդ դիրքը։ Սա չենք թաքցնում. հակառակն անելն անազնվություն կլիներ մեր կողմից։ Սիրելի՛ կուսակիցներ, մեր առաջիկա անելիքների վերաբերյալ արդեն առիթ ունեցել եմ բարձրաձայնելու և այսօր մեկ անգամ ևս վերահաստատում եմ, որ շարունակելու ենք ներկուսակցական ինստիտուտների զարգացման և թիմի շարքերի հետագա կռման ու միասնականացման աշխատանքները։ Հավատացնում եմ ձեզ, որ կուսակցական լինելն առաջին հերթին պարտավորություն է, ներդրում կատարելու պատրաստակամություն, ոչ թե «արտոնություն», քանի որ կուսակցությունն ինստիտուցիոնալ միջոց է հայրենիքին ծառայելու համար: Ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ եմ մաղթում բոլորիս առաջիկա քաղաքական գործընթացներում»:

Նմանատիպ նյութեր