211652_close_icon
views-count4223 դիտում article-date 16:34 27-01-2019

Մշակույթի նախարարության աշխատակիցները Տիգրան Մանսուրյանի հոբելյանի առթիվ այցելել են կոմպոզիտորին

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը և նախարարության մի խումբ աշխատակիցներ, Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի տնօրեն Մարտունի Կոստանդյանն ու սաներն ականավոր կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանի 80-ամյակի կապակցությամբ այցելել են Մանսուրյանի տուն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Տիգրան Մանսուրյանը և նրա քույրը՝ օպերային երգչուհի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Արաքս Մանսուրյանը շնորհակալություն են հայտնել անակնկալ այցով Տիգրան Մանսուրյանի հոբելյանը շնորհավորելու համար։ ՀՀ մշակույթի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանի առթիվ՝ նշելով. «Մեր ժողովուրդը երբևէ երաժշտարվեստի խոշոր գործիչների պակաս չի զգացել, սակայն կոմպոզիտորների ու երգահանների հայոց աստղաբույլում միշտ էլ առանձնակի շուքով է շողում Ձեր աստղը` փառավորելով թե՛ Ձեր, թե՛ Ձեզ ծնող ժողովրդի անունը: Դուք մեր մշակույթի այն բացառիկ գործիչներից եք, որոնցով մեր երկիրը բացճակատ ներկայանում է աշխարհին: Ձեր ստեղծագործական գործունեությունը արժանի է ամենայն հիացմունքի: Ձեր կենսագրությանն արված ամենահպանցիկ ակնարկից անգամ պարզ է դառնում, թե ինչպիսի երկար, դժվարին ու տքնաջան ճանապարհ պիտի անցնի արվեստի նվիրյալը նման բարձր անվան ու հաջողությունների հասնելու համար: Լինելով մեր ժողովրդի բազմադարյա ընթացքի, հոգևոր-մշակութային խորախորհուրդ գանձարանի քաջահմուտ գիտակն ու կրողը, դուք այդ ամենը աստվածատուր տաղանդով վերածեցիք ընտիր երաժշտության, որտեղ այնպես ներդաշնակ են ազգայինն ու համամարդկայինը: Երաժշտարվեստի տարբեր ժանրերը ներկայացնող Ձեր ստեղծագործությունները ամենալայն ճանաչում են ստացել և արդեն երկար տասնամյակներ հնչում են աշխարհի հեղինակավոր կոլեկտիվների և անհատ կատարողների մեկնաբանությամբ` հիացնելով անգամ ամենանրբաճաշակ ունկնդիրներին: Թանկագի՛ն մաեստրո. Ձեր մարդկային ու քաղաքացիական առաքինությունների շարքում միշտ էլ առանձնանում է անսահման համեստությունը` զարդարելով արվեստագետի Ձեր ազնիվ կեցվածքը: Դուք երբեք չեք ձգտել փառքի ու մեծարանքի, սակայն փառքը, լայն ճանաչումը և այլևայլ դափնիները միշտ եղել են Ձեր կյանքի մշտական ուղեկիցը` որպես արժանի գնահատական Ձեր ստեղծածի: Ջերմորեն շնորհավորում ենք Ձեզ ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ, մաղթում ամուր առողջություն, երկար տարիների կյանք` ի փառս հայրենական մշակույթի, ի փառս հայ երաժշտարվեստի զարգացման ու տարածման»:

Նմանատիպ նյութեր