211652_close_icon
views-count7717 դիտում article-date 21:21 26-01-2019

ՄԻՊ-ը մանրամասներ է հայտնել կալանավայրում մահացած Մհեր Եղիազարյանի հետ կապված գործողությունների վերաբերյալ

Մհեր Եղիազարյանի [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/26/1115938/]գործով[/url] Մարդու իրավունքների պաշտպանը քննարկման ընթացակարգ է սկսել սեփական նախաձեռնությամբ՝ առանց դիմումի կամ բողոքի առկայության, իրավապահ մարմինների կողմից Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկությունները հրապարակելուց անմիջապես հետո: Պաշտպանի հանձնարարությամբ՝ այցերը Մ.Եղիազարյանին ազատությունից զրկման վայրում եղել են պարբերական, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իր իրավասության սահմաններում ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները: Մասնավորապես, Մ.Եղիազարյանին ձերբակալելու մասին տեղեկության հրապարակումից անմիջապես հետո, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, տեղի է ունեցել այց Ձերբակալված անձանց պահելու վայր, իսկ նրա նկատմամբ կալանքը՝ որպես խափանման միջոց ընտրելու նույն օրը՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Տեղի է ունեցել առանձնազրույց, ինչպես նաև ստուգվել են նրա պահման պայմանները: Առանձնազրույցի ընթացքում Մ.Եղիազարյանը Պաշտպանի ներկայացուցչի խնդրանքով վերջինիս է տրամարդել իր փաստաբանի տվյալները՝ նրա հետ կապ պահպանելու համար: Սկզբնական առանձնազրույցի ընթացքում Մհեր Եղիազարյանը բարձրացրել է իր վերաբերյալ քրեական գործով բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ քննության հարց և նշել, որ հայտարարել է հացադուլ: Մ.Եղիազարյանը նաև նշել է, որ վարույթն իրականացնող մարմի կողմից այլ անձանց, այդ թվում՝ մերձավոր ազգականների հետ իր տեսակցությունների և հեռախոսային խոսակցությունների նկատմամբ սահմանվել է անհիմն արգելանք: Ըստ Մհեր Եղիազարյանի՝ արտաքին աշխարհի հետ կապից զրկված լինելու պատճառով իրեն պատկանող «Haynews.am» լրատվամիջոցը կրում է ֆինանսական վնասներ և կարող է փակվել: Դրանից բացի, Մ.Եղիազարյանը տեղեկացրել է նաև, որ ունի երկրորդ խմբի հաշմանադամություն՝ պայմանավորված սիրտ-անոթային հիվանդությամբ, և ընտրված խափանման միջոցը համատեղելի չէ իր առողջական վիճակի հետ: Մ.Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման ընթացքում կապ է պահպանվել նաև նրա որդու հետ, որն էլ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմին է տրամադրել նրա հաշմանդամության խումբը հաստատող փաստաթղթի պատճենը: Այցի և առանձնազրույցի արդյունքներով գրություն է ուղարկվել Գլխավոր դատախազություն, որով ներկայացվել են նշված բոլոր հարցերը: Մասնավորապես, բարձրացվել են նախաքնության մարմնի փոփոխության վերաբերյալ Մ.Եղիազարյանի պնդումները, ինչպես նաև պարզաբանում է պահանջվել առ այն, թե ինչով է պայմանավորված մերձավոր ազգականների հետ նրա տեսակցությունների ու հեռախոսային խոսակցությունների նկատմամբ կիրառված արգելանքը: Բարձրացվել է այդ արգելանքի վերացման հարց: Նշվածից բացի, առաջադրվել է հարց՝ կապված Մ.Եղիազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության հետ՝ նկատի ունենալով նրա առողջական վիճակը: Քրեական հետապնդման մարմնին է ուղարկվել նաև նրա հաշմանդամության խումբը հավաստող փաստաթուղթը` այն բարձրացնելով կալանավորված անձի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու նպատակով ՀՀ կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 4-ի «Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը հաստատելու մասին» թիվ 1636 որոշմամբ սահմանված դատաբժշկական հանձնաժողովային փորձաքննության նշանակումը քննարկելու համատեքստում: Քրեակատարողական ծառայությանն ուղղված գրությամբ բարձրացվել են Մհեր Եղիազարյանի պահման պայմանների հետ կապված հարցեր: Նրա առողջական վիճակի հետ կապված հարցերը ներկայացվել են ՔԿՀ բուժանձնակազմի քննարկմանը: Մհեր Եղիազարյանի վերաբերյալ գործի քննարկման շրջանակում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2018 դեկտեմբեր և 2019 թվականի հունվար ամիսներին շարունակել է նրան այցերը ազատությունից զրկման վայր: Պահպանվել է պարբերական կապը Մհեր Եղիազարյանի որդու և փաստաբանի հետ: Հերթական այցը Մ.Եղիազարյանին տեղի է ունեցել 2019 թվականի հունվարի 21-ին: Այցի պահին նա գտնվել է քրեակատարողական հիմնարկի բուժմասում և տեղեկացրել է, որ հունվարի 17-ին դադարեցրել է հացադուլը: Պաշտպանի ներկայացուցիչների կողմից բարձրացվել է Մ.Եղիազարյանի բժշկական հսկողության հարցը՝ կապված հետհացադուլային առողջական վիճակի հետ: Ստացվել է պարզաբանում այն մասին, որ Մ.Եղիազարյանը գտնվում է ՔԿՀ բուժանձնակազմի մշտական հսկողության ներքո: Մհեր Եղիազարյանն ինքը հայտնել է նաև, որ չնայած փորձում է սնունդ ընդունել, բայց ընդունումից հետո իր մոտ սկսվում են փսխումներ: Այս կապակցությամբ ՔԿՀ-ն պարզաբանել է, որ Մ. Եղիազարյանի մոտ հացադուլի հետևանքով առկա է մարսողության համակարգի խանգարում ու դա վերականգնելու համար նաև իրենց կողմից առաջարկվել է թեթև սննդի ու ապուրների օգտագործում:

Նմանատիպ նյութեր