211652_close_icon
views-count7757 դիտում article-date 15:03 26-01-2019

Կրեմլի «թայմ աութն» ու Փաշինյան-Ալիև բանակցությունները

«Կարծես թե բանակցային գործընթացում նոր մեթոդ է ձևավորվում, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները տարբեր միջոցառումների շրջանակում ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում, և որ ամենակարևորն է, ձեռք են բերվում որոշակի պայմանավորվածություններ»։ Դավոսում օրերս տեղի ունեցած Փաշինյան-Ալիև ոչ պաշտոնական հանդիպման մասին նման տեսակետ է հայտնում Ադրբեջանի հարցերով փորձագետ Աշոտ Մովսիսյանը։ Նա կարծում է, որ առաջնագծում հարաբերական հանգիստը մեծ հաշվով պայմանավորված է նման հանդիպումներով, բայցև գտնում է, որ այն բավարար չէ ղարաբաղյան խնդրի կարգավորման շուրջ կառուցողական բանակցություններ վարելու համար։ Քաղաքական ու հասարակական շրջանակներում որոշակի տարակուսանք առաջացրեց Փաշինյան-Ալիև մեկ ու կես ժամ տևողությամբ հանդիպումը, քանի որ դրանից մանրամասներ այդպես էլ հայտնի չդարձան։ Ադրբեջանի հարցերով փորձագոտը կարծում է․ «Նման հանդիպումների անցկացմամբ առաջին հերթին շահագրգռված է ադրբեջանական կողմը. 1. Ադրբեջանի իշխանությանը պետք է շատ արագ անցնել բանակցությունների «անցումային փուլը»։ Այսինքն՝ հայկական կողմի հետ հաճախակի հանդիպումներ անցկացնելով՝ կարող է հիմնավորել, որ հայկական կողմից բանակցություններ վարող անձինք բավական հնարավորություն են ունեցել հասկանալու բանակցությունների նրբություններն ու ադրբեջանական կողմի մոտեցումներ։ Ստացվում է՝ Ադրբեջանը շտապողականություն է ցուցաբերում ստատուս-քվոն հոգուտ իրեն փոխելու նպատակով։ 2. Ադրբեջանը շահագրգռված է բանակցությունները դուրս բերել իր համար արդեն ոչ ընդունելի և ձեռնտու Մինսկի խմբի ձևաչափից։ Սրա մասին, իհարկե, պաշտոնական հայտարարություններ չեն եղել և դժվար էլ մոտ ժամանակներս լինեն։ 3. Ադրբեջանի իշխանության և հասարակության մոտ կա ընկալում, որ Ղարաբաղյան հակամարտության «իրական կարգավորմանը» խանգարում է Ռուսաստանը, որն իր շահերից ելնելով շահագրգռված չէ խնդրի կարգավորմամբ։ Ուստի, Իլհամ Ալիևը առանց միջնորդավորված բանակցություններ է ուզում վարել Հայաստանի ղեկավարի հետ՝ խաղից դուրս թողնելով նաև Կրեմլին»։ Աշոտ Մովսիսյանը համոզված է, որ հայկական կողմը չպետք է խուսափի բանակցություններից, հակառակ դեպքում կարող են թուլանալ մեր դիրքերը բանակցային գործընթացում․ «Ուղղակի պետք է հանդիպումներն ու երկար տևող քննարկումները տեղափոխել արդեն իսկ առկա ձևաչափ»։ ԼՂ հարցի կարգավորման շուրջ նաև ԱՄՆ հետաքրքրություններն են ակտիվացել։ Մովսիսյանը փաստում է․ «Սրա մասին են վկայում նախագահ Թրամփի շնորհավորական ուղերձների տողատակերն ու Բոլտոնի այցելությունն ու զանգը Փաշինյանին։ Կարծում եմ՝ ԱՄՆ տարածաշրջանում իր հետագա ռազմավարության մեջ Հայաստանին և Ադրբեջանին դիտարկում է միասին, ուստի շահագրգված է, որպեզի արագ կարգավորվեն բոլոր խնդիրները երկու երկրների միջև»։ [b]Վով Մուշեղյան[/b]

Նմանատիպ նյութեր