211652_close_icon
views-count2200 դիտում article-date 11:27 26-01-2019

Վաղը Տիգրան Մանսուրյանը դառնում է «երկու անգամ 40 տարեկան»․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Ուղիղ 40 տարի առաջ ես՝ կոնսերվատորիայի առաջին կուրսի ուսանողս, մեր բուհի պատի թերթում հոդված էի գրել՝ «Տիգրան Մանսուրյանը 40 տարեկան է»: Խորհրդային պաշտոնական դասակարգմամբ 40 տարեկանը գրեթե երիտասարդ տարիք էր: Չնայած դրան՝ Մանսուրյանն այն ժամանակ մեծ ժողովրդականություն էր վայելում կինոյի համար գրված իր երաժշտության համար: Բայց մենք՝ պատանեկությանը հատուկ սնոբիզմով, դա լուրջ ժանր չէինք համարում և մեծարում էինք նրա «դասական գործերը»` հատկապես թավջութակի և կրկնակի կոնցերտները, որոնք գրվել էին 1970-ականների երկրորդ կեսին: Խորհրդային համակարգն առանձնապես մաեստրոյի սրտով չէր, բայց հանուն արդարության պետք է արձանագրել, որ այն ժամանակ, ինչպես նաև 1980-ականներին Մանսուրյանի երաժշտությունը (այդ թվում՝ «դասական») ավելի հաճախ էր հնչում, քան այսօր: Նշեմ նաև, որ 20-րդ դարի երաժշտության ամենավերջին նորույթները՝ Մեսիանի, Բուլեզի, Քեյջի, Շտոքհաուզենի գործերը նույնպես հասու էին մեզ՝ ուսանողներիս: Այդ թվում՝ Մանսուրյանի շնորհիվ, որը մեզ դասավանդում էր «Ժամանակակից երաժշտություն» առարկան: Մեր երաժշտական ճաշակը զարգացնում էր նաև Մանսուրյանի ուսուցիչը և մեր ռեկտորը՝ Ղազարոս Սարյանը, որի շնորհիվ կոնսերվատորիան «լճացման շրջանում» ամենևին էլ լճացած չէր: «Սովորեք և սովորեցրեք մարդկանց երաժշտություն լսել»,- հորդորում էր Մանսուրյանը՝ օրինակ բերելով այն ժամանակ արդեն տարագիր դարձած ռուս կոմպոզիտոր և ազնվական Անդրեյ Վոլկոնսկուն, որը, նրա պատմելով, դա անում էր ժամերով և օրերով: «Իսկ գիտե՞ք՝ ինչ եմ ես երեկ լսել,- մի անգամ հարցրեց կոմպոզիտորը՝ բնականաբար, սպասելով, որ մենք որևէ «ավանգարդիստի» անուն կտանք, և անակնկալի բերեց,- ԱԲԲԱ-ի նոր ալբոմը»: Լայնախոհություն, կանխակալ վերաբերմունքի բացակայություն, հարգանք տաղանդի բազմատեսակ դրսևորումների հանդեպ՝ այս հատկություններն անհրաժեշտ են ոչ միայն երաժիշտներին: Վաղը Տիգրան Մանսուրյանը դառնում է «երկու անգամ 40 տարեկան»: Իր «երկրորդ 40-ամյակը» կոմպոզիտորն ապրել է ինտենսիվ աշխատանքի, շարունակվող փնտրտուքի մեջ: Եթե երկու բառով փորձեմ բնութագրել այս ճանապարհը, ապա դա, իմ կարծիքով, շարժում է երաժշտական լեզուն ավելի «խիստ», ավելի «ասկետիկ» դարձնելու ուղղությամբ: Տարիքի, իմաստության հետ միասին այդ միտումը նկատվում է մեծերից շատերի մոտ՝ Բեթհովենի, Բրամսի կամ Ստրավինսկու: Օրինաչափորեն ավելի մեծ տեղ է սկսում զբաղեցնել հոգևոր երաժշտությունը: Մանսուրյանի պարագայում դա կամուրջ է այսօրվա և մեր շարականների, տաղերի, Նարեկացու, Շնորհալու բանաստեղծական և երաժշտական երկերի միջև: Մանսուրյանի «Ռեքվիեմը» մի գագաթ է, որին մենք հասել ենք 21-րդ դարում՝ Կոմիտասի Պատարագից հետո: Իսկ Շնորհալու աղոթքների հիման վրա «Հավատով խոստովանիմ» շարքը դեռ շարունակվում է․․․» [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր