211652_close_icon
views-count1572 դիտում article-date 16:14 23-01-2019

Դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից կարող են օգտվել անապահովության ավելի ցածր միավոր ունեցող քաղաքացիները

ՀՀ առողջապահության նախարարությունը դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններից պետպատվերով օգտվելու հնարավորություն է ստեղծում նաև անապահովության ավելի ցածր միավոր ունեցող նպաստառուների համար: Նախագծով առաջարկվում է շեմը 36-ից իջեցնել 30 միավորի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում ասաց նախարար Արսեն Թորոսյանը: «Աղքատության նպաստի համակարգում ընդգրկված քաղաքացիների և ևս մի քանի խմբերի համար՝ մոտ 230 հազար քաղաքացիներ, դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտություններ անցնելու հնարավորությունը մեծացվելու է: Հիմա դժվարամատչելի՝ համակարգչային տոմոգրաֆիա (ԿՏ), մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ), նաև մի շարք այլ հետազոտություններ պետպատվերով անցնելու հնարավորություն ունեն անապահովության 36 և ավելի բալ ունեցող քաղաքացիները: Սակայն ներկայում կառավարությունում գտնվող նախագծի հաստատման դեպքում 30 և ավելի միավոր ունեցող քաղաքացիները ևս կկարողանան օգտվել այդ ծառայություններից»,-ասաց Թորոսյանը: Նա նշեց, որ բյուջետային ծախսերի աճը թույլ է տալու, որ այդ պետպատվերի շրջանակում տրամադրվող գումարները առավելագույնս ուշ սպառվեն: Նախարարը նկատեց, որ գլոբալ առումով Հայաստանում պետությունը առողջապահության համար ծախսում է շատ ավելի քիչ, քան պետք է ծախսի: Գումարները դեռ մոտակա քանի տարիներին ամբողջությամբ չեն բավականացնի: «Եվ պետպատվերի՝ տարվա կեսին սպառվելը ոչ միայն սխալ բաշխման, այլև գումարի սակավության արդյունք է: Սակայն նույնիսկ այդ քիչ գումարնեըը պետք է բաշխվեն առնվազն արդարացի»,-ասաց նախարարն ու հավելեց, որ իրենք այս տարի դա անելու են:

Նմանատիպ նյութեր