211652_close_icon
views-count5100 դիտում article-date 10:48 23-01-2019

Առանց ասֆալտի, մայթերի, համապատասխան գժանշումների ու երթևեկության նշանների ներհամայնքային ճանապարհներ. մոնիթորինգի արդյունքները ՀՀ 3 մարզում

Հայաստանի 6 խոշորացված համայնքում իրականացվել է ներհամայնքային ճանապարհների սպասարկման ծառայությունների հետազոտություն «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագրի կողմից, որն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի կողմից տրամադրված դրամաշնորհի շրջանակում: «Մասնակցային մոնիթորինգ հանուն խելացի համայնքների ստեղծման Հայաստանում» ծրագիրը իրականացնում են «Կոմպասս» գիտահետազոտական, կրթական և խորհրդատվական կենտրոն ՀԿ-ի կողմից, որում «ՀամաԶարԿ» կոնսորցիումի միջոցով ներգրավված են եղել «ՀԿ Կենտրոն», «Դիլիջանի երիտասարդների համագործակցության կենտրոն» և «Տեղեկատվական համակարգերի զարգացման եվ վերապատրաստման կենտրոն» գործընկեր հասարակական կազմակերպությունները: Ախուրյան, Աշոցք, Թումանյան, Ստեփանավան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում մոնիթորինգն իրականացրել են մոտ 34 վերապատրաստված քաղաքացի-մոնիթորներ՝ տվյալ համայնքներից՝ նախապես մշակված մեթոդաբանության համաձայն՝ կատարելով 902 դեմ առ դեմ հարցում և դիտարկելով 249 փողոց 2018թ․հուլիս-հոկտեմբեր ամիսներին: Մոնիթորինգի արդյունքները ամփոփվել և վերլուծվել են՝ բացահայտելով այս ոլորտում համայնքներում առկա պատկերը: «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի պարտադիր խնդիրների մեջ է մտնում համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործումը: Այս ոլորտում հանրային ծառայությունների մատուցումը տեղական ինքնակառավարման մարմինների կարևոր գործառույթներից մեկն է և սովորաբար ներառված է համայնքային զարգացման ծրագրերում, սակայն համայնքապետարանները օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված չեն կարողանում լիարժեք իրականացնել այս ոլորտներում իրենց գործառույթները: Տեխնիկական հագեցվածությունը Բոլոր խոշորացված համայնքներն ունեն ներհամայնքային ճանապարհների սպասարկման համար նախատեսված տեխնիկական միջոցներ, սակայն որոշ համայնքների դեպքում տեխնիկական միջոցները բավարար չեն և ավելի հնամաշ են: Խոշորացված համայնք Ախուրյան Համայնքն ունի 1989 թվականի արտադրության ավլող-ջրող մեկ մեքենա և 2011թ. արտադրության JCB 3-CX մեկ էքսկավատոր: Աշոցք Համայնքն ունի 2017թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդներով և նույն թվականի արտադրության երկու ХТЗ-150 տրակտոր Թումանյան Համայնքն ունի 2017 թվականի արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ էքսակավատոր JCB 3-CX և ինքնաթափ մեքենա «Կամազ» 65115-026 Ստեփանավան Համայնքն ունի 1991թ. արտադրության ունիվերսալ քաղաքային փոշեհան/փոշեկուլ, ավլող-ջրող մեքենա, 2006թ. արտադրության սարցակալման դեմ պայքարի ավազաաղային խառնուրդ ցրող մեքենա և 1990թ. արտադրության ձյուն մաքրող մեկ մեքենա Դիլիջան Համայնքն ունի 2017 թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդով, նույն թվականի արտադրության ունիվերսալ քաղաքային փոշեհան/փոշեկուլ, ավլող-ջրող մեքենա, 3 «Մազ» ինքնաթափ (MAZ) և 2 «Тerex» էքսկավատոր Նոյեմբերյան 2 018 թվականի արտադրության մեկ գրեյդեր կցորդներով և նույն թվականի արտադրության մեկ բազմաֆունկցիոնալ ամբարձիչ Ներհամայնքային ճանապարհները սպասարկող տեխնիկայի առկայությունը խոշորացված համայնքներում Ճանապարհների սպասարկման բաղադրիչները Ներհամայնքային ճանապարհների սպասարկումը ենթադրում է աշխատանք մի շարք տարբեր բաղադրիչների, մասնավորապես՝ ճանապարհների ծածկույթի, դրա պարբերական փոսալցման ու բարեկարգման աշխատանքների, ձյան ու սառույցի, անձրևների ժամանակ՝ ջրահեռացման, փոշու և կենցաղային աղբի մաքրման, մայթերի ու փողոցների եզրագծերի առկայության, ու ընդհանուր առմամբ՝ ճանապարհի ընդհանուր բարեկարգվածության ապահովման ուղղությամբ: Այսպես, Ախուրյան համայնքում բնակիչների կողմից առավել բարձր գնահատականի են արժանացել ներհամայնքային գլխավոր ճանապարհների մաքրումը ձյունից և սառույցից ձմեռային ամիսներին (2,76 միավոր հնարավոր 4-ից), փողոցների երկայնքով մայթերի առկայությունը (2.57/4), մայթերի բավարար լայնությունն ու անցանելիությունը (2.55/4) և ներբնակավայրային ճանապարհների ծածկույթի վիճակը (2.52/4): Ցածր գնահատակնների են արժանացել գլխավոր փողոցների ընդհանուր բարեկարգվածությունը (1.46/4), փողոցների մաքրումը փոշուց և աղբից (1.56/4) և ջրահեռացման համակարգը (1.85/4): Ինչ վերաբերում է ներբնակավայրային երկրորդական փողոցներին և միջբնակավայրային փողոցներին, ապա այստեղ բոլոր բաղադրիչները ունեն 2-ից ցածր ցուցանիշ, այսինքն միջինից ցածր գնահատական: Աշոցքում ևս ամենաբարձր գնահատականը՝ (2.96/4) ստացել է ներհամայնքային գլխավոր ճանապարհների մաքրումը ձյունից և սառույցից: Մյուս բաղադրիչներից միայն ճանապարհների փոսալցումն է ստացել միջինից բարձր գնահատական (2.13/4): Ամենամեծ դժգոհությունները փողոցների ընդհանուր վիճակից են (0.96/4): Նշենք, որ Աշոցքում բնակիչների գոհ են նաև ճանապարհների՝ ձյունից և սառույցից մաքրումից նաև երկրորդական փողոցներում, ինչպես նաև միջբնակավայրային փողոցներում: Մնացած բաղադրիչների մասով կրկին միջինից ցածր գնահատականներ են: Թումանյան համայնքում գրանցվել է մեծ դժգոհություն՝ ճանապարհների սպասարկման որակից: Հարկ է նշել, որ ոչ ներհամայնքային գլխավոր, ոչ երկրորդական, և ոչ էլ միջհամայնքային ճանապարհների սպասարկման որևէ բաղադրիչ նույնիսկ միջին գնահատական չի ստացել բնակիչների կողմից: Առավել մեծ դժգոհություններ են արձանագրվել ներհամայնքային գլխավոր ճանապարհների ջրահեռացման համակարգերից (0.27/4), մայթերի բացակայությունից (0.49/4), ինչպես նաև ճանապարհների ընդհանուր բարեկարգվածությունից (0.60/4): Ստեփանավան համայնքում, հատկապես ներհամայնքային գլխավոր ճանապարհների սպասարկման բաղադրիչների հարցում հարցված բնակիչները հիմնականում տվել են միջինից բարձր գնահատականներ: Մասնավորապես, նրանք առավելապես գոհ են մայթերի առկայությունից (2.69/4) և փողոցների ընդհանուր բարեկարգվածությունից (2.60/4): Սակայն, պետք է նշել, որ այս գնահատականները կազմվել են հիմնականում Ստեփանավան բնակավայրի արդյունքների հիման վրա: Ինչ վերաբերում է երկրորդական փողոցներին և միջբնակավայրային ճանապարհներին, ապա այնտեղ ևս միջինից ցածր բավարարվածություն է: Դիլիջան համայնքում ամենամեծ դժգոհությունը փողոցների ընդհանուր բարեկարգվածությունից է (0.59/4), թեև գլխավոր ճանապարհների ծածկույթից բնակիչները գոհ են (2.21/4): Դժգոհություններ կան ջրահեռացումից (0.94/4) և փողոցների՝ փոշուց ու կենցաղային աղբից մաքրումից (1.09/4): Շատ մեծ են դժգոհությունները երկրորդական ճանապարհների որակից, որի միայն մեկ բաղադրիչ է ստացել 1-ից բարձր գործակից՝ ծածկույթի որակը: Միջբնակավայրային ճանապարհների մասով էլ գնահատականները միջին են: Նոյեմբերյան համայնքում ևս, ինչպես Դիլիջանում, ներհամայնքային գլխավոր ճանապարհների ծածկույթի որակից գոհ են (2.89/4), սակայն փողոցների ընդհանուր բարեկարգվածությունից՝ դժգոհ (0.86/4): Բնակիչների գնահատականը բարձր է նաև փոսալցման աշխատանքների հաճախակիության և որակի վերաբերյալ՝ ինչպես գլխավոր (2.73/4), այնպես էլ երկրորդական փողոցների համար (2.19/4): Բոլոր խոշորացված համայնքների բնակիչները հիմնականում դժգոհ են եղել ներհամայնքային ճանապարհների սպասարկումից: Դժգոհության հիմնական տեղիք են տվել երթևեկելի մասերի ծածկույթի ցածր որակը, ասֆալտի շերտի բացակայությունը և քայքայվածությունը, փողոցների երկայնքով մայթերի բացակայությունը: Ճանապարհների սպասարկման վերոնշյալ արդյունքները ցույց են տալիս, որ գրեթե բոլոր համայնքներում առկա վիճակը արտաքին գործոնների արդյունք է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինները առանձնապես չեն կարողանում որակական փոփոխություն ապահովել այս ոլորտում: Այսպես, Շիրակի մարզի համայնքներում հիմնականում գոհ են ձյան մաքրման ծառայությունից, քանի որ եղանակային պայմանների առանձնահատկութուններից ելնելով այս գործառույթը ուղղակի հնարավոր չէ չիրականացնել՝ կապված նաև Վրաստանին կապող միջհանրապետական ճանապարհի սպասարկման անհրաժեշտությունից: Տավուշի մարզում զբոսաշրջային կենտրոնների, ինչպես նաև սահմանային գոտու հասանելիությունն ապահովելու նպատակով պետական մակարդակով իրականացված ճանապարհաշինական աշխատանքների արդյունքում ծածկույթի որակից գոհունակութունը մեծ է, մինչդեռ մյուս բաղադրիչները, որոնք արդեն կարող էին բարելավվել տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի շնորհիվ, կրկին թերանում են: Կարևոր խնդիր է նաև այն, որ շատ հաճախ խոշոր քաղաքային բնակավայր – կենտրոն ունեցող համայնքներում ընդհանուր գնահատականը ձևավորվում է հենց կենտրոնի տվյալներով, մինչդեռ փոքր բնակավայրերում վիճակը բարվոք չէ: Ճանապարհների ծածկույթը և անվտանգությունը Մոնիթորինգային այցերի ընթացքում դիտարկված փողոցների հիմնական մասում քայքայված է եղել երթևեկելի մասի ծածկույթը կամ այն առհասարակ բացակայել է: Դիտարկված գրունտային ճանապարհները հիմնականում եղել են անհարթ: Իրականացված դիտարկումը ցույց է տվել, որ Ախուրյան համայնքում դիտարկված 59 ճանապարհներից միայն 13-ն են եղել հիմնականում ասֆալտապատ, 8-ը խճապատ են, մնացյալը՝ գրունտային: Աշոցքում ևս գերակշռում են գրունտային ծածկույթով փողոցները՝ 44, ճանապարհների 4-ը խճապատ է, մնացյալ 9-ը՝ հիմնականում ասֆալտապատ: Թումանյան համայնքում, համաձայն արդյունքների, գերակշռող են գրունտային անհարթ ծածկույթով փողոցները, որոնք կազմում են ընդհանուր դիտարկված փողոցների 82%-ը: Ստեփանավանում նույնպես գերակշռող են գրունտային ծածկույթով փողոցները, որոնք կազմում են ընդհանուր դիտարկված փողոցների 47%-ը: 6 փողոցներ եղել են խճապատ, 10 փողոցներ՝ հիմնականում ասֆալտապատ: Ի տարբերություն այլ համայնքների՝ Դիլիջանում դիտարկման ենթարկված փողոցների թվում գերակշռել են հիմնականում ասֆալտապատ ճանապարհները: Նոյեմբերյան համայնքում դիտարկված 16 փողոցներից 10-ը եղել են հիմնականում ասֆալտապատ, ընդ որում 4-ը՝ բարձր որակի: Մնացած ճանապարհներն ունեցել են գրունտային ծածկույթ: Պատշաճ պահպանված չեն եղել վերջին երկու տարիների ընթացքում վերանորոգված փողոցները: Երթեկելի մասի ծածկույթի վրա առկա են եղել ճաքեր, փոսեր և դեֆորմացված հատվածներ: Աշոցքում դիտարկված ճանապարհների ընդամենը 6%-ն է ունեցել մայթեր, Թումանյանում մոնիթորների կողմից դիտարկված և ոչ մի փողոցում մայթեր չեն եղել: Դիտարկված փողոցների 39%-ի դեպքում Ստեփանավանում առկա են եղել մայթեր, ինչը զգալիորեն լավ է՝ նախորդ համայնքների հետ համեմատության մեջ: Դիլիջանում դիտարկված 10 փողոցներից 4-ում առկա են եղել մայթեր: Նոյեմբերյանում էլ մայթեր առկա են եղել դիտարկված փողոցների 7%-ում: Մոնիթորինգային այցերի ընթացքում դիտարկված փողոցների երկայնքով հիմնականում բացակայել են ճանապարհային երթևեկության նշանները, առկայության դեպքում էլ հիմնականում եղել են դեֆորմացված կամ գունաթափված: Ճանապարհները չեն ունեցել պատշաճ գծանշումներ, բացակայել են հետիոտնային անցումները: Մասնավորաես, Ախուրյանում դիտարկված 59 փողոցներից 52-ում չեն եղել ճանապարհային երթևեկության նշաններ: Աշոցքում դիտարկված 57 փողոցներից միայն 4-ն են ունեցել նշաններ: Այստեղ նկատվել են նաև ճանապարհի վտանգավոր հատվածներ, որոնց դեպքում առկա չեն եղել ազդանշանային սյուներ և/կամ արգելապատնեշներ: Թումանյան համայնքի բոլոր բնակավայրերում, բացի Ահնիձորից, դիտարկված փողոցների երկայնքով առկա են եղել վտանգավոր հատվածներ և քարաթափման վտանգ ունեցող հատվածներ, որոնց դեպքում առկա չեն եղել ազդանշանային սյուներ և/կամ արգելապատնեշներ և քարաթափման դեմ հետապատեր: Դիտարկված 35 փողոցներից ճանապարհային երթևեկութան նշաններ առկա է եղել միայն 1-ում: Ստեփանավանում ևս դիտարկված փողոցների 96%-ում ճանապարհային երթևեկության նշաններ չեն եղել, առկա են եղել նաև քարաթափման վտանգ ունեցող փողոցներ, որոնք համապատասխան կահավորանք չեն ունեցել: Դիլիջանում դիտարկված ճանապարհների 60%-ի դեպքում առկա են եղել ճանապարհային նշաններ: Նոյեմբերյանում երթևեկության նշանների առկայության հետ կապված եղել է ավելի բարվոք վիճակ՝ դիտարկված 16 փողոցներից 6-ում չեն եղել ճանապարհային նշաններ: Դիտարկված բոլոր համայնքներում եղել են լուրջ խնդիրներ՝ կապված ճանապարհային գծանշումների հետ․դրանք կամ բացակայել են, կամ եղել են ջնջված ու ոչ բավարար տեսանելի: Ախուրյանում դիտարկված 59 փողոցներից 13-ում առկա է եղել ջրահեռացման վաքեր, իսկ ահա Աշոցքում և Թումանյանում դրանք ընդհանրապես բացակայել են: Ստեփանավանում միայն մեկ փողոցում է առկա եղել ջրահեռացման վաք, Դիլիջանում՝ 2, Նոյեմբերյանում՝ 3: Բնակիչների բավարարվածությունը մատուցվող ծառայութուններից Ներհամայնքային ճանապարհների բարեկարգ վիճակը մեծ կարևորություն ունի բնակիչների համար, ինչը երևում է նաև հարցման արդյունքներից: Մասնավորապես, հարցվածների 79%-ը ներհամայնքային ճանապարհների բարեկարգ լինելը համարում է չափազանց կարևոր հիմնախնդիր, ևս 19%-ը ավելի շուտ կարևոր: Համայնք Չափազանց կարևոր է Ավելի շուտ կարևոր է Ավելի շուտ կարևոր չէ Ընդհանրապես կարևոր չէ Ախուրյան 77% 22% 0% 1% Աշոցք 66% 33% 1% 1% Թումանյան 91% 6% 1% 2% Ստեփանավան 69% 31% 0% 0% Դիլիջան 83% 17% 0% 0% Նոյեմբերյան 91% 7% 1% 1% Ընդամենը 79% 19% 1% 1% Ներբնակավայրային ճանապարհների բարեկարգ լինելու հիմնախնդրի կարևորությունը համայնքի բնակիչների համար Եթե փորձենք համադրել ներհամայնքային ճանապարհների սպասարկումից բնակչության բավարարվածության միջին գնահատականները ըստ խոշորացված համայնքների, ապա ակնհայտ է դառնում, որ բոլոր խոշորացված համայնքների համար տրվել են միջինից բավականին ցածր գնահատականներ՝ բառացությամբ Նոյեմբերյան համայնքի, որտեղ միջին գնահատականը եղել է 5.51 միավոր: Նոյեմբերյանին հետևում է Աշոցքը՝ միջինում 4.98 միավորով, որին էլ Ախուրյանը՝ 4.46 միավորով: Մյուս համայնքների համար գնահատականները նշանակալի ցածր են. Ստեփանավանի և Դիլիջանի դեպքում կազմելով համապատասխանաբար 3.89 և 3.24 միավոր, իսկ Թումանյանի դեպքում եղել է ամենացածրը՝ կազմելով 2.96 միավոր: Ներհամայնքային ճանապարհների սպասարկումից բնակչության բավարարվածության միջին գնահատականներ ըստ խոշորացված համայնքների:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր