211652_close_icon
views-count13740 դիտում article-date 19:50 21-01-2019

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձի օժանդակությամբ կազմակերպված հանցավոր մեխանիզմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված խոշոր խմբաքանակներով բեռները (միրգ-բանջարեղեն, հագուստեղեն, կենցաղային ապրանքներ, ավտոյուղեր և այլն) տեղափոխել են հայ-վրացական սահմանի մոտ, կուտակել վրացական Սադախլո գյուղի տարբեր տներում կամ սահմանի չեզոք գոտում, այնուհետև մաս-մաս հայտարարագրելով որպես ֆիզիկական անձանց թույլատրելի չափաքանակով ուղեկցող բեռ, բազմաթիվ անգամներով «Բագրատաշենի» հսկիչ անցագրային կետով ներկրել են Հայաստան՝ չվճարելով մաքսազերծման համար նախատեսված հարկերն ու տուրքերը: Հատկանշական է, որ ապրանքները մաքսակետի տարածքում տեղակայված ՀՀ ԳՆ սննդի անվտանգության պետական ծառայության լաբորատորիայի կողմից պատշաճ ընթացակարգով և ամբողջական ծավալով կարանտին փորձաքննության չեն ենթարկվել: Վերոհիշյալ գործընթացի կանխման նպատակով իրականացված տևական և լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի հունվարի 15-ին կանխվել է վերը նկարագրված եղանակով ապրանքների ներկրման հերթական դեպքը, որի արդյունքում հայտնաբերվել է Ալավերդի քաղաքի բնակչի կողմից մեկ օրվա ընթացքում, տարբեր անձանց ավտոմեքենաներով տեղափոխված ավելի քան 1 տոննա քաշով միրգ-բանջարեղենը: Նախնական տվյալների համաձայն՝ բեռների ապօրինի տեղափոխումը նշված տնտեսվարողին հաջողվել է իրականացնել ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության «Բագրատաշեն» մաքսակետ բաժնի գլխավոր մաքսային տեսուչին կաշառք տալու միջոցով: Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ: Մեղադրանք է առաջադրվել մաքսային ծառայության աշխատակցին և բեռների տեղափոխումը կազմակերպած անձին, նրանք կալանավորվել են: Միջոցներ են ձեռնարկվում՝ նախկինում տեղափոխված ապրանքների ամբողջական ծավալը պարզելու, ինչպես նաև հանցավոր մեխանիզմում հնարավոր ներգրավված այլ անձանց բացահայտելու ուղղությամբ: ԱԱԾ-ն հորդորում է ՀՀ քաղաքացիներին զերծ մնալ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում քրեական պատասխանատվություն ենթադրող նմանօրինակ հանցավոր սխեմաներում ներգրավվելուց, քանի որ առանց պատշաճ մաքսային վերահսկողության հայկական շուկա ներթափանցած անհայտ ծագման, այդ թվում` ադրբեջանական և թուրքական ապրանքները նաև անմիջական սպառնալիք են` ուղղված ազգային անվտանգությանը, և միաժամանակ նախազգուշացնում է, որ մաքսային իրավահարաբերությունների ոլորտում օրինախախտումները բացահայտելու ուղղությամբ միջոցառումները շարունակական են լինելու:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր