211652_close_icon
views-count4176 դիտում article-date 18:54 21-01-2019

Իրանը շարունակում է զորակցել ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին. Ղոլամռեզա Մողադամ

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Իրանում Հայաստանի դեսպան Արտաշես Թումանյանի հանդիպումը Իրանի ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ղոլամռեզա Բաղերի Մողադամի հետ: Զրուցակիցները քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ուրվագծեցին երկու երկրների միջև քաղաքական և առևտրատնտեսական համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը: Այս համատեքստում երկուստեք կարևորվեց բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը: ՀՀ դեսպանը և ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հրատապ խնդիրների շուրջ: ՀՀ դեսպան Թումանյանը ներկայացրեց ԼՂ հիմնահարցի շուրջ վերջին զարգացումները, ՀՀ մոտեցումները և սկզբունքային դիրքորոշումը: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը, անդրադառնալով ԼՂ հակամարտության վերաբերյալ վերջերս մամուլում Իրանի Գլխավոր շտաբի պետին վերագրվող հայտարարությանը, վերահաստատեց, որ ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ Իրանի պաշտոնական դիրքորոշումը մնում է անփոփոխ. ԻԻՀ-ն շարունակում զորակցել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին:

Նմանատիպ նյութեր