211652_close_icon
views-count2926 դիտում article-date 13:42 21-01-2019

Հենրիխ Մխիթարյանը դարձավ 30 տարեկան. SHAMSHYAN.com-ը շնորհավորում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր լրանում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի 30-ամյակը: Հենրիխի մասին կարելի է երկար խոսել: Նա նորանկախ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստն է, բայց շատ ավելի կարևոր է, որ նա հրաշալի անձնավորություն է և պրոֆեսիոնալ մարզիկ: Մխիթարյանը իր մարզական առաջին քայլերը կատարել է Հայաստանում՝ իր հարյուրավոր այլ հասակակիցների հետ միասին, սակայն իր բացառիկ աշխատասիրության, համառության, նպատակասլացության, տքնաջան մարզումների շնորհիվ միայն նա հասավ հայկական ֆուտբոլի համար ամենաբարձր ու աննախադեպ բարձունքների: Եվ նրա կարիերան պետք է իսկական օրինակ լինի պատանի հայ ֆուտբոլիստների, բակում խաղացող երեխաների համար: Նա ցույց տվեց, որ անհնարին ոչինչ չկա, եթե կա գործին նվիրվածություն, չընկրկելու, չնահանջելու, չվհատվելու կամք: Երևանի «Փյունիկից» Դոնեցկի «Մետալուրգ». շատերի համար նման տրանսֆերը կլիներ առաջինն ու տրանսֆերը, շատերը բավարարված կզգային նման տեափոխությամբ: Բայց ոչ Հենրիխը: Նա իր առջև ավելի մեծ նպատակներ էր դրել և քայլ առ քայլ շարժվում էր առաջ: «Մետալուրգին» հաջորդեց Դոնեցկի «Շախտյորը», որտեղ Մխիթարյանը բրազիլացիների հետ միասին երեք տարի համերգ տվեց, դառնալով լավագույն ռմբարկու և եվրոպական գրանդ ակումբների ցանկալի նպատակ: Այդպես նա 2013-ին հայտնվեց Դորտմունդի «Բորուսիայում», որտեղ 3 անմոռանալի մրցաշրջան անցկացրեց: Եվ ահա նրա կարիերայի գագաթնակետը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդը»: Աշխարհի ամենատիտոսակիր և հարուստ ակումբներից մեկը չզլացավ 42 մլն եվրո վճարել հայ ֆուտբոլիստի համար: Մնացածը արդեն գիտեք. «ՄՅՈւ»-ի կազմում Հենրիխը հայ մարզասերներին բերկրանքի և անսահման ուրախության բազմաթիվ պահեր պարգևեց: Միայն այն, որ նա թիմի կազմում նվաճեց Եվրոպայի Լիգայի գավաթը, եզրափակիչում գոլ խփեց, իսկ խաղից հետո ծածանեց հայկական եռագույնը, դա ամեն ինչ արժեր: Դա անհավանական, ֆանտաստիկ հաջողություն էր հայկական ֆուտբոլի համար: Այժմ Հենրիխը հանդես է գալիս անգլիական մեկ այլ հեղինակավոր ակումբում՝ Լոնդոնի «Արսենալում»: Համոզված ենք, որ «Արսենալում» նրա լավագույն օրերը դեռ առջևում են, ինչը բոլորիս ցանկությունն է: Բնական է, որ Մխիթարյանը արդեն մի քանի տարի շարունակ Հայաստանի հավաքականի ավագն է, մասնակցել է 80 հանդիպման և դարձել 26 գոլի հեղինակ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այստեղ էլ մենք մեծ սպասելիքներ ունենք Հենոյից: [url=https://shamshyan.com/hy/]SHAMSHYAN.com[/url]-ը սրտանց շնորհավորում է հրաշալի մարդ և մարզիկ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը: Հենո ջան, միայն հաղթանակներ ենք մաղթում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր