211652_close_icon
views-count2893 դիտում article-date 18:32 18-01-2019

Արցախի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն՝ Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերի 29-րդ տարելիցի կապակցությամբ. 1990 թվականի հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայ բնակչության նկատմամբ իրագործվել է պետական իշխանությունների կողմից կազմակերպված զանգվածային կոտորած: Էթնիկ հողի վրա իրականացված բռնություններին զոհ են գնացել հարյուրավոր հայեր, թալանի ու բռնագրավման է ենթարկվել հայերի ունեցվածքը: Ֆիզիկական ոչնչացման անմիջական սպառնալիքի ներքո Բաքվի քառորդ միլիոն տեղահանված հայությունը` որպես փախստական, բնակություն է հաստատել աշխարհի տարբեր երկրներում: Պատմական արդարությունը վերականգնելու և իր ինքորոշման իրավունքը իրացնելու նպատակով ոտքի ելած Արցախի հայության ձայնը լռեցնելու համար Բաքվի իշխանությունները Գորբաչովի վարչախմբի թողտվությամբ իրագործել են ծրագրված ցեղասպանություն ադրբեջանահայության նկատմամբ: Հակառակ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից արձանագրված փաստերի՝ Ադրբեջանի իշխանությունները մինչ օրս կոծկում են իրենց ցեղասպան գործողությունները, նենգափոխում իրողությունները և խուսափում պատասխանատվությունից: Հարգելով Բաքվի կոտորածին ու բռնի տեղահանությանը զոհ գնացած անմեղ հայերի հիշատակը՝ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը. դատապարտում է այլատյացության, ծայրահեղականության ու ահաբեկչության ցանկացած դրսևորում, պնդում է, որ Բաքվի, ողջ Արևելյան Անդրկովկասի, ինչպես նաև Հյուսիսային Արցախի ու Նախիջևանի հայության հանդեպ կազմակերպված բռնությունները լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի` 1948թ. «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» կոնվենցիայով սահմանված ցեղասպանության հանցագործության իրավական ձևակերպմանը, կոչ է անում միջազգային հանրությանը, իրավապաշտպան կազմակերպություններին և խորհրդարանական կառույցներին Բաքվի հայ բնակչության զանգվածային ջարդերին տալ իրավական գնահատական և քայլեր ձեռնարկել Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվող հակահայկական քարոզչության դեմ, վերահաստատում է, որ Բաքվում կազմակերպված ջարդերը պատմական վաղեմության ժամկետ չունեն, և Արցախի Հանրապետությունը հետևողական է լինելու ադրբեջանահայության ցեղասպանության կազմակերպիչներին և իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Նմանատիպ նյութեր