211652_close_icon
views-count3822 դիտում article-date 17:18 17-01-2019

Վերաքննիչ դատարանում ավարտվեց Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքի քննությունը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://armenpress.am/arm/news/961144.html]Արմենպրես[/url]»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, պաշտպանական և մեղադրող կողմը ներկայացրեցին իրենց բողոքները և առարկությունները: Դատարանը խորհրդակցական սենյակ դեռ չի հեռացել որոշում կայացնելու: Դատական նիստը կկայանա հունվարի 25-ին` ժամը 16:00-ին»,- ասաց Էրիկ Ալեքսանյանը՝ հավելելով, որ պաշտպանական կողմը հավելյալ տեղեկություն նիստի վերաբերյալ չի կարող տրամադրել, այն միայն կարող են ներկայացնել վերջնական դատական ակտի կայացումից հետո: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ դատական նիստի ընթացքում հանդես է եկել ելույթով: «Ներկայացրեցի այն բոլոր հանգամանքները, որոնք վկայում են այն մասին, որ ներկայացված մեղադրանքը անհիմն է և խնդրեցի կողմերին ամեն ինչ անել, որպեսզի գործը անաչառության, օբյեկտիվության և հանգիստ մթնոլորտում քննվի»,- եզրափակեց Գևորգյանը: Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդությունը մերժելու առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկել է Դատախազությունը։ Դատարանի որոշումը մասնակի բողոքարկել էր նաև պաշտպանական կողմը։ Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը բողոք է ներկայացրել՝ դատարանից խնդրելով օրինական ուժի մեջ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը և հաստատված համարել նաև ՀՀ ՔՕ 190 հոդվածով նախատեսված հիմնավոր կասկածի բացակայությունը: Դեկտեմբերի 14-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Արմեն Գևորգյանին կալանավորելու ՀՔԾ-ի միջնորդությունը: Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-300.1 հոդվածի՝ սահմանադրական կարգի տապալմանն օժանդակելը, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք վերցնելը և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը՝ առանձնապես խոշոր չափերով։

Նմանատիպ նյութեր