211652_close_icon
views-count1223 դիտում article-date 11:52 17-01-2019

Նաիրա Զոհրաբյանի կարծիքով «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մյուս ՔԿՀ-ներում

«Նուբարեշեն» քրեակատարողական հիմնարկը շենքային վատ պայմանների պատճառով նպատակահարմար կլինի փակել և դատապարտյալներին տեղափոխել մնացած ՔԿՀ-ներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱԺ հերթական նիստում նման տեսակետ հայտնեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նշեց, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն պետք է գոնե հարկ-հարկ վերանորոգվի: Նաիրա Զոհրաբյանը արձագանքելով պատգամավորի տեսակետին` նշեց, որ ավելի նպատակահարմար կլինի այն փակել: «Դժվար եմ պատկերացնում վերանորոգումը: Միգուցե ավելի ձեռնտու կլինի նորը կառուցել: Կարող ենք փակել և դատապարտյալներին տեղաբաշխել մնացած տասը քրեակատարողական հիմնարկների վրա»,-նշեց Զոհրաբյանը: Պատգամավորի կարծիքով` վերանորոգումը ֆինանսական լուրջ խնդիր կլինի: «Հին սիստեմով այս շենքը վերանորոգելը չգիտեմ, թե ինչքանով է նպատակահարմար»,-նշեց նա: Զոհրաբյանը վստահեցրեց , որ զբաղվելու է նաև ցմահ ազատազրկվածների խնդրով: ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի շտական մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը առաջադրել է Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը: Հունվարի 15-ի հերթական նիստում խորհրդարանը փակ քվեարկությամբ ընտրեց ԱԺ փոխնախագահներին: Իշխանական՝ «Իմ քայլը» խմբակցությունից փոխնախագահներ ընտրվեցին Ալեն Սիմոնյանն ու Լենա Նազարյանը: Իսկ ընդդիմադիր փոխնախագահ ընտրվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության թեկնածու Վահե Էնֆիաջյանը: Ազգային ժողովն ընդունեց նաև 11 մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին որոշման նախագիծը: «Իմ քայլը» խմբակցությունը կնախագահի 8, «Բարգավաճ Հայաստան»-ը` 2, իսկ «Լուսավոր Հայաստանը»՝ 1 հանձնաժողովում: Նիստում խմբակցությունները ներկայացրել էին նաև իրենց թեկնածուներին:

Նմանատիպ նյութեր