211652_close_icon
views-count12464 դիտում article-date 22:20 15-01-2019

Երեխաների շրջանում սուր-շնչառական վարակներով հիվանդացությունը նվազում է, իրավիճակը՝ կայունանում. Արսեն Թորոսյան

Առողջապահության նախարարի պաշտոնատար Արսեն Թորոսյանը քիչ առաջ ներկայացրեց սուր-շնչառական վարակների մասին ցուցանիշները: Ֆեյսբուքյան լայվի միջոցով, ինչպես Թորոսյանն ասաց՝ թարմ տվյալներ է ներկայացրել՝ նշելով՝ իրավիճակը կայունանում է եւ հիվանդացության անկում է նկատվում: Այս պահին հանրապետության դպրոցներում եւ մանկապարտեզներում սուր-շնչառական վարակներով երեխաների բացակայությունը 2.4% է կազմում: Թորոսյանի խոսքերով՝ «Այսինքն՝ մոտ 400 հազարից 10 հազարից ավելի քիչ է բացակայությունը: Հետեւաբար, այն հայտարարությունները, թե՝ ամբողջ դպրոցներում բացակայում են, չեն համապատասխանում իրականությանը»: Նախարարի պաշտոնակատարը վստահեցրեց՝ նկատվում է շտապօգնության՝ սուր-շնչառական դեպքերով կանչերի նվազում.«3-րդ օրն է, որ ծանր դեպքերը նվազում են: Վերակենդանացման բաժանմունքներում հոսպիտալացման թվի իջեցում կա: Արդեն 2-րդ օրն է ունենք հիվանդանոցների բաժանմունքներում հոսպիտալացման թվի կայունացում, կտրուկ աճ կամ աճ ընդհանրապես չունենք, նույն թվի վրա է: Սա բնորոշ է ձմռան այս եղանակին: Եթե համեմատում ենք անցյալ տարվա ձմռան հետ, իհարկե, աճ կա, բայց անցյալ տարի մենք պրակտիկորեն ձմեռ չենք ունեցել: Հիմա հիվանդանոցներում ունենք ավելի շատ դուրս գրումներ, քան ընդունելություններ, սա էլ է խոսում իրավիճակի կայունացման մասին»: Արսեն Թորոսյանը նաեւ տեղեկացրեց՝ սուր-շնչառական վարակներով պոլիկլինիկաներում դիմելիության մի փոքր աճ է նկատվում, եւ սա դրական գնահատեց Թորոսյանը, քանի որ մարդիկ ախտանիշերի դեպքում դիմում են առաջին օղակ, եւ դա է նպաստում հոսպիտալացման դեպքերի անկմանը: «Առողջապահության նախարարությունն իր անձնակազմով ամենժամյա ռեժիմով հետեւում է իրավիճակին, այցելում է Երեւանի եւ մարզերի դպրոցներ՝ տեղում ծանոթանում իրավիճակին»-ասաց նախարարի պաշտոնակատարը: Դպրոցներում օդի ջերմաստիճանի մակարդակի վերաբերյալ մշտադիտարկում է կատարվել: Այս առնչությամբ Թորոսյանն ասաց.«Դպրոցներում ջերմաստիճանն այդքան էլ լավ չի պահպանվում: Իհարկե, ունենք դրական դինամիկա: Օրինակ՝ 450 դպրոցում եւ 52 մանկապարտեզում ունեցել ենք ջերմաստիճանային ռեժիմի խախտում: Հիմա՝ մոտ 200 դպրոցում եւ 21 մանկապարտեզում: Այս ամենը տարածքային իշխանություններին ասվում է, բայց հիմա նաեւ հանրայնորեն էլ եմ ասում, որովհետեւ հիմնականում մրսելու դեպքում է, որ վարակվում են երեխաները»: Գրիպի տեսակի՝ շտամին էլ անդրադարձավ Թորոսյանը: Նա վստահեցրեց՝ «Այս տարի ոչ միայն H1N1 (խոզի գրիպ) շտամ է շրջանառվում Հայաստանում, այլեւ H3N2 եւ B գրիպի շտամը: Այսինքն՝ որպես այդպիսին, մենք չունենք համաճարակ H1N1-ի կամ այլ շտամի: Հիվանդանոցներում գրանցված ծանր դեպքերով հիվանդները հիմնականում ծանր խրոնիկ հիվանդացությամբ հիվանդներն են, որոնց միանում է այդ վարակը»:

Նմանատիպ նյութեր