211652_close_icon
views-count1096 դիտում article-date 16:39 15-01-2019

Նախարարությունն առաջարկում է փաստաբանին զրպարտելը համարել քրեորեն պատժելի արարք

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին (կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ) վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք ներկայացնելու համար, սահմանել պատասխանատվություն փաստաբանին զրպարտելու համար: «Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջին շրջանում հաճախ են դարձել փաստաբաններին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորելու և զրպարտելու դեպքերը: Քիչ չեն նաև նոտարներին՝ իրենց մասնագիտական գործունեության ընթացքում վիրավորանք հասցնելու և նրանց նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու դեպքերը: Միաժամանակ հարկ է ընդգծել, որ միայն քաղաքացիաիրավական պատասխանատվությունը արդյունավետ միջոց չի հանդիսանում վերջիններիս արժանապատվությունը և գործարար համբավը պաշտպանելու համար: Այս տեսանկյունից, գտնում ենք, որ քրեական պատասխանատվություն նախատեսելը պրեվենտիվ (կանխիչ) նշանակություն կունենա», -նշված է նախագծի հիմնավորման մեջ: Ըստ նախագծի` նշված հարցերի հետ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մի շարք վճիռներում հատուկ ընդգծել է փաստաբանի մասնագիտության կենտրոնական դերն արդարադատության համակարգում և իրավունքի գերակայության ապահովման գործում: Ինչպես նշել է Եվրոպական դատարանը, առանց անհարկի խոչընդոտների իրենց մասնագիտական գործունեությամբ զբաղվելու փաստաբանների ազատությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության էական բաղադրիչ և անհրաժեշտ նախապայման Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի պահանջների իրագործման համար: «Հետևաբար՝ վերոնշյալ արարքներն ունեն հանրային վտանգավորության բարձր աստիճան, քանի որ դրանք իրենց բացասական ազդեցությունն են ունենում ոչ միայն փաստաբանի և նոտարի անձի, այլ նաև վերջիններիս կողմից իրականացվող մասնագիտական գործունեության արդյունքի վրա և հանդիսանում են վերջիններիս վրա ճնշում գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու միջոց: Ուստի, Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել փաստաբանին կամ նոտարին՝ կապված նրա մասնագիտական գործունեության կամ լիազորությունների իրականացման հետ, վիրավորանք հասցնելու կամ նրա նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու, ինչպես նաև նրա ընտանիքի անդամի սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիքի համար: Միևնույն ժամանակ, փաստաբանին զրպարտելն առաջարկվում է նախատեսել որպես քրեորեն հետապնդելի արարք՝ փաստաբանին ներառելով ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նշված անձանց շարքում (դատախազ, քննիչ, հետաքննություն կատարող անձ, դատական ակտերի հարկադիր կատարող)»,- նշված է նախագծում: Նախագծի ընդունմամբ, փաստաբանը և նոտարը հնարավորություն կունենան լիարժեք իրացնել ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով իրենց վերապահված լիազորությունները, և հնարավորինս կբացառվի վերջիններիս վրա ճնշում գործադրելու և նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հնարավորությունը:

Նմանատիպ նյութեր