211652_close_icon
views-count1519 դիտում article-date 16:12 15-01-2019

Ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն ընդունեց 11 մշտական հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը: Նախագիծն ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության կողմից նախապես արված որոշակի փոփոխություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախագծին կողմ քվեարկեց 96, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: «Իմ քայլը» խմբակցությունը որոշակի փոփոխություններ է կատարել նախագծում: Տարածաշրջանային ինտեգրման հարցերի հանձնաժողովի անունն առաջարկում ենք փոխել` հաշվի առնելով «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների առաջարկները: Հանձնաժողովը կկոչվի Տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողով»,-քվեարկությունից առաջ ներկայացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Իմ քայլը» խմբակցության առաջարկով Տնտեսական հարցերի մտական հանձնաժողովի զբաղվելիք ոլորտներում ավելացվեց նաև «ներդրումներ» բառը: «Իմ քայլը» խմբակցությունն առաջարկել էր ստեղծել տասնմեկ մշտական հանձնաժողով` երկուսով ավել նախորդ գումարման ԱԺ-ի հանձնաժողովներից: Մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը առանձնացվել է Պետաիրավական հարցերի հանձնաժողովից: Ստեղծվել է նաև նոր Տարածաշրջանային ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: Առաջարկվող մյուս հանձնաժողովներն են Առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով՝ միջազգային հարաբերություններ (14 անդամ), Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ): Առաջարկվում է նաև ստեղծել Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով (11 անդամ), Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ), Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով (12 անդամ), Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով (15 անդամ) և ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով (10 անդամ):

Նմանատիպ նյութեր