211652_close_icon
views-count1684 դիտում article-date 15:23 15-01-2019

Դատարանը մերժեց Քոչարյանի խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ խափանման միջոցը քննող դատավոր Արթուր Մկրտչյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանի համար անհասկանալի է, թե ինչ սկզբունքով է քննող դատավոր Արթուր Մկրտչյանին մակագրվել խափանման միջոցի վերաբերյալ գործի քննությունը: Այդ իսկ պատճառով պաշտպանները ևս մեկ անգամ որոշել էին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել գործը քննող դատավորին: «[url=https://armenpress.am/arm/news/960805.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում Արամ Օրբելյանը նշեց, որ պետք է մակագրումը իրականացվի էլեկտրոնային համակարգով՝ հիմք ընդունելով օրենքը, ինչը, ըստ պաշտպանի, տեղի չի ունեցել և հիմք է տվել պաշտպաններին դատավորին ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունը: Պաշտպանի խոսքով` հերթապահում էր 8 դատավոր և անհասկանալի է, թե ինչի հիման վրա է դատավորներից հենց Արթուր Մկրտչյանին մակագրվել սույն գործը: Օրբելյանը կասկածներ ունի, որ դատական գործը մակագրվել է դատարանի նախագահի կողմից, այլ ոչ թե էլեկտրոնային եղանակով: Դատարանը խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո հրապարակեց միջնորդության վերաբերյալ իր որոշումը, ըստ որի՝ դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիմք ընդունելով այն, որ դատարանը իրավունք ուներ իր որոշմամբ գործի քննությունը հանձնարարել հերթապահող դատավորներից որևէ մեկին: Պաշտպաններից Հայկ Ալումյանը նշեց, որ իրենց համար այդ պատճառաբանությունը ընդունելի չէ, բայց դա չեն կարող բողոքարկել կամ այլ միջոցներ ձեռնարկել: «Մենք ստիպված ենք արդեն տվյալ դատավորի հետ միասին մասնակցել այս հարցի քննությանը»,- ասաց Ալումյանը: Ավելի վաղ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել` հիմք ընդունելով պաշտպաններից Արամ Օրբելյանի` դատավորի հետ ընկերական հարաբերություններ ունենալը: Մեղադրանքի կողմը առարկել էր միջնորդությանը, նշելով, որ Արամ Օրբելյանը և նախագահող դատավորը ընկերներ չեն: Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը: Դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը:

Նմանատիպ նյութեր