211652_close_icon
views-count1215 դիտում article-date 15:59 15-01-2019

Ազատության հրապարակի հարակից տարածքի սրճարանների որոշ մասի ապամոնտաժման որոշումը վերջնական է. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակի հարակից տարածքում սրճարանների որոշ մասի ապամոնտաժման վերաբերյալ վերջնական որոշում է կայացրել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Բոլոր տնտեսավարողներն ունեն պայմանագիր Երևանի քաղաքապետարանի հետ և իրենց գործունեությունը ծավալում են այդ պայմանագրի հիման վրա: Մեր գործողություններն էլ միայն ու միայն այս պայմանագրի շրջանակում են»,- նշեց Մարությանը: Օրեր առաջ Երևանի քաղաքապետարանը հայտարարություն էր տարածել, ըստ որի տնտեսավարողների հետ կնքած պայմանագրերի համաձայն, Երևան համայնքը, ի դեմս քաղաքապետարանի, իրավունք ունի ցանկացած պահի՝ 30 օր առաջ ծանուցելու պայմանով, ներկայացնել վարձակալությամբ տրված տարածքն ազատելու պահանջ: Հարցին, թե լրացե՞լ է, արդյոք, այդ 30 օրը և ե՞րբ է սկսվելու ապամոնտաժումը, քաղաքապետը պատասխանեց, որ սահմանված ժամկետն արդեն իսկ լրացել է, սակայն դեռ որոշ հարցեր կան: «Դեռևս մի քանի գործընթաց կա կապված կադաստրի և այլ հարցերի հետ, այդ իսկ պատճառով այս պահին ապամոնտաժման գործընթացը դեռ չի սկսվել: Որոշումը վերջնական է, քանի որ մենք, ընդհանրապես, ինչ-որ որոշում կայացնելու ժամանակ, քննարկում ենք, հետո նոր կայացնում: Բոլոր բիզնեսմեններն ունեն ինչ-որ խնդիրներ, բայց ես պարտավոր չեմ բոլոր բիզնեսմենների խնդիրներին ծանոթանալ: Ես պարտավոր եմ ծանոթ լինել միայն այն պայմանագրին, որում նկարագրվում են մեր հարաբերությունները»,- ասաց Մարությանը: Երևանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած և սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որտեղ առաջարկվում էր նրանց՝ հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից:

Նմանատիպ նյութեր