211652_close_icon
views-count891 դիտում article-date 11:31 15-01-2019

Մեկ վայրից տեղեկանալ սիրիահայերին ուղղված նախաձեռնություններին. սիրիահայերի կենտրոնը տեղեկատվական նոր ծրագիր է սկսում

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպությունը տարեկան աշխատում է շուրջ 3 հազար սիրիահայ ընտանիքի հետ: Կազմակերպության նախագահ Ջորջ Բարսեղյանն «[url=https://armenpress.am/arm/news/960748.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում նշեց, որ սիրիահայերի շրջանում դեռ կան ընտանիքներ, որոնք իսկապես ուշադրության կարիք ունեն: «Նախորդ տարին բավական դրական էր, զգալի աշխատանք կատարվեց, իրականացվեցին մի շարք ծրագրեր: Մենք հնարավորինս անում ենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր կարիքավորին հասնի մեր օգնությունը՝ լինեն հագուստ, սնունդ, խաղալիք, հիգիենիկ պարագաներ, ուսանողների հետ կապված ծախսեր, թե բնակարնների վարձը և այլն»,-ասաց Ջորջ Բարսեղյանը: Հայաստանի պետական կառույցների, ինչպես նաև միջազգային, հասարակական կազմակերպությունների հետ աշխատելով՝ կազմակերպությունը մի շարք ծրագրեր է իրականացնում՝ աշխատանք տանելով յուրաքանչյուր սիրիահայ ընտանիքի հետ: Նա ընդգծեց, որ ծրագրերին աջակցում են Սփյուռքի նախարարությունը, ՄԱԿ-ը, GIZ-ը, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, ՀԲԸՄ-ն, «Ամքոր Հայաստան»-ը, Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Իզմիրյլյան հիմնադրամ»-ը, «Առաքելություն Հայաստան»-ը, «Գյուլբենկյան հիմնադրամ»-ը և այլն: Տրամադրվող աջակցությունից ամենահիմնականներից Ջորջ Բարսեղյանն առանձնացրեց բժշկական ծառայությունը: Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոնի գրասենյակի երկրորդ հարկում շարունակում է գործել «Կլաուդիա Նազարյան» կլինիկան, որն աշխատում է ՀԲԸՄ-ի հովանու ներքո: Այնտեղ թերապևտը, մանկաբույժը, սրտաբանը, գինեկոլոգը, ակնաբույժը, մաշկաբանը պատրաստ են ընդունել առողջական խնդիրներ ունեցող սիրիահայերին: Այդ ամենը գործում է բարեգործական նպատակով: Անհրաժեշտության դեպքում դեղորայքը ևս տրամադրվում է անվճար: «Մեր ռազմավարությունը հետևյալն է` եթե կարողանում ենք մեկ դրական բանով օգնել ընտանիքին, բարելավել նրանց ապրելու պայմանները, ապա մենք չենք զլանում: Ուզում եմ ընդգծել, որ Սփյուռքի նախարարությունը՝ ի դեմս նախկին նախարար Հրանուշ Հակոբյանի, ինչպես նաև նրան հաջորդած Մխիթար Հայրապետյանի, մշտապես կանգնած են սիրիահայերի կողքին: Առաջին իսկ վարկյանից նախարարությունը թև ու թիկունք է եղել, հոգատար վերաբերմունք է ցուցաբերել բոլոր հարցերում: Ամեն սիրիահայ մեկ պատճառ ունի շնորհակալ լինելու Սփյուռքի նախարարոթյանն անցած տարիների ընթացքում տրամադրած ծառայության համար: Հաճելի կլիներ ասել, որ 2018- ին քիչ ենք աշխատել, որովհետև սիրիայերի վիճակը բարելավված է, սակայն այդպես չէ: Կարող ենք ասել, որ նույնն է, ինչ 2017-ին»,-ասաց նա: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://armenpress.am/arm/news/960748.html]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր