211652_close_icon
views-count1603 դիտում article-date 12:41 14-01-2019

Լիլիթ Մակունցը վստահ է՝ 7 -րդ գումարման ԱԺ-ն տարբերվելու է իր կառուցողական քննարկումներով

7 -րդ գումարման ԱԺ-ը իր կառուցողական քաղաքականությամբ, մոտեցումերով ու քննարկումներով տարբերվելու է նախորդ խորհրդարաններից: «[url=https://armenpress.am/arm/news/960613.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում հունվարի 14-ին` նոր ԱԺ-ի առաջին նիստից առաջ նման տեսակետ հայտնեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը: Խոսելով այն մասին, որ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն ու քանակային մեծ տարբերություն մյուս խմբակցությունների պատգամավորների համեմատ` Մակունցն ասաց, որ ցանկացած խորհրդարանական երկրում մեծամասնություն է կազմում իշխանությունը: «Հենց քանակային նման տարբերության դեմ էինք պայքարում խորհրդարանական ընտրություններից առաջ` փորձելով փոխել նախկինում ընդունված օրենքը: Բայց այս պահին ունենք այն, ինչ ունենք: Եվ այն, որ մենք ունենք ավել շատ պատգամավորներ, քան նախորդ գումարման ԱԺ-ում էր, պայմանավորված է միայն ու բացառապես այդ օրենքով: Սակայն ընդդիմությունը խորհրդարանում շատ կարևոր դեր է կատարում: Եվ ես կարծում եմ ու հույս ունեմ, որ այս խորհրդարանն իր կառուցողական քաղաքականությամբ, մոտեցումներով, դիսկուրսով տարբերվելու է մյուս խորհրդարաններից»,-ասաց Մակունցն ու շեշտեց` ինքը որպես պատգամավոր ամեն ջանք գործադրելու է դրա համար: Նրա կարծիքով` այն տեսակետների բախումից, որ տեղ է գտնելու այս գումարման խորհրդարանում, շահելու է միայն Հայաստանի Հանրապետությունն ու քաղաքացին: Մակունցը նաև նշեց, որ չի կարծում, թե ապագայում խոչընդոտներ չեն լինելու: «Լինելու են տարաբնույթ խոչընդոտներ: Սակայն ունենք բավականաչափ քաղաքական կամք, որպեսզի հաղթահարենք դրանք: Այս և նախորդ խորհրդարանների տարբերությունն արդեն իսկ ամրագրվել է ազատ, թափանցիկ ու ժողովրդավարական ընտրություններով, նաև նրանով, որ ունենք պետական մտածելակերպ ու քաղաքական կամք` որոշումներ կայացնելու»,-նշեց պատգամավորը: Անդրադառնալով տեսակետներին, թե այս ԱԺ-ում չկա իրական ընդդիմություն, Մակունցն ասաց, որ այդ դիրքորոշումը չի ընկալում: Նա շեշտեց, որ ընդդիմություն իր ընտրությամբ ձևավորել է ՀՀ քաղաքացին և չի կիսում այն տեսակետը, թե իրական ընդդիմություն չկա: 2018-ի դեկտեմբերի 9-ին կայացած ԱԺ արտահերթ ընտրությունների արդյունքում խորհրդարան են անցել «Իմ քայլը» դաշինքը` 88, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը` 26 և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը`18 մանդատով:

Նմանատիպ նյութեր