211652_close_icon
views-count3790 դիտում article-date 11:56 14-01-2019

Քոչարյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ գործը կքննվի հունվարի 14-ին

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում հունվարի 14-ին ժամը 15:00-ին դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ կքննվի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանական խմբի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին նշված է Քոչարյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրության մեջ: Պաշտպանական խումբը տեղեկացել է, որ դատարանը միևնույն ժամանակ կքննի նաև Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարաձգելու վերաբերյալ միջնորդությունը: Դատավոր Նելլի Բաղդասարյանի՝ դատախազների և քննիչի միջնորդությունը բավարարելուց և ինքնաբացարկ հայտնելուց հետո կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդության քննարկումը մակագրվել է դատավոր Դավիթ Գրիգորյանին, սակայն դատավոր Գրիգորյանը հունվարի 12-ին նույնպես ինքնաբացարկ է հայտնել՝ պատճառաբանելով, որ իր հերթը չի եղել, բայց գործն իրեն է մակագրվել: Այդ ամենից հետո գործը մակագրվել է դատավոր Արթուր Մկրտչյանին: Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացրել են դեռևս նախորդ տարի՝ դեկտեմբերի 26-ին, և դատարանին խնդրել են որոշել սահմանվող գրավի չափը:

Նմանատիպ նյութեր