211652_close_icon
views-count2350 դիտում article-date 18:45 10-01-2019

Շարունակվում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում

Երևանի քաղաքապետարանի առողջապահության և հանրակրթության վարչությունների պատասխանատուները շարունակում են ստուգայցերը համայնքային ենթակայության դպրոցներում և մանկապարտեզներում: Այցերի նպատակը կրթօջախներում առկա բուժկետերի պայմանների ստուգումն է, ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնով պայմանավորված ընդհանուր իրավիճակին ծանոթանալը: «Մենք սուր շնչառական վարակների հիվանդացության բարձրացում չունենք, չենք արձանագրել: 2019թ.-ի այս սեզոնը համարյա չի տարբերվում 2018թ.-ից: Համաճարակաբանական ֆիլտր է իրականացվում բոլոր դպրոցներում, մանկապարտեզներում ևս երեխաները ստուգվում են: Հիվանդության որոշակի նշաններով երեխաներին ծնողների հետ պայմանավորվածության արդյունքում անմիջապես տուն են ուղարկում, որպեսզի կանխարգելվի հիվանդության հետագա տարածումը»,- նշել է առողջապահության վարչության պետի տեղակալ Գայանե Անտոնյանը: Երևանի Լևոն Շանթի և Աղասի Խանջյանի անվան դպրոցներում, ինչպես նաև թիվ 17 մանկապարտեզում, ուր այցելեցին քաղաքապետարանի պաշտոնյաները, բուժկետերն ապահովված էին անհրաժեշտ դեղորայքով ու պարագաներով: Երեխաների առողջական վիճակը ստուգվում է ամեն օր, բուժքույրերը կոչ են անում ծնողներին սուր շնչառական վարակներով երեխաներին չբերել դպրոց և մանկապարտեզ: Ուսումնական գործընթացի լիարժեք անցկացման համար կրթօջախներում անհրաժեշտ ջերմաստիճանը ևս ապահովված էր: «Վաղօրոք ջեռուցվել են դպրոցները՝ ապահովելով անհրաժեշտ ջերմաստիճան: Բացակայության հաշվառում է արվում բուժաշխատակիցների հետ համատեղ, և գրիպի փոքր իսկ նշաններ ունեցող երեխաներին տուն են ուղարկում: Այո, կան բացակայություններ, և այդ տոկոսը հունվարի 8-ի համեմատ այսօր արդեն նվազել է»,- նշել է հանրակրթության վարչության պետի տեղակալ Անահիտ Մելքոնյանը: Քաղաքապետարանի պատասխանատուները զրուցել են մանկավարժների ու աշակերտների հետ, խորհուրդ տվել հաճախակի օդափոխել դասասենյակներն ու հորդորել հիվանդության ցանկացած նշանի դեպքում մնալ տանը և լիարժեք առողջանալ: Համայնքային կրթօջախներում ստուգայցերը կլինեն շարունակական:

Նմանատիպ նյութեր