211652_close_icon
views-count3426 դիտում article-date 16:25 10-01-2019

Դավիթ Անանյանը պարզաբանեց Թուրքիայից Հայաստան առանց մաքսազերծման լոլիկ ներկրելու հարցը. տարվելու է կոշտ պայքար

Հայաստանում 2018թ. ամռանն իրականացրած նորամուծությունը, որով ֆիզիկական անձանց ուղեկցող բեռում թույլատրելի քանակությունը բարձրացվեց՝ մինչեւ 50 կգ, նպաստեց մաքսանենգ ճանապարհով լոլիկի ներկրմանը Թուրքիայից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Ասեմ, որ այդ 50 կիլոգրամներով, բավականին մեծ քանակությամբ, մաքսանենգ ճանապարհով լոլիկ է ներմուծվել Հայաստան: Դրա վերաբերյալ մենք տեղեկատվություն չունենք, մի պարզ պատճառով, որ դրանք մաքսային ձևակերպում չեն ստացել: Շատ դեպքերում տասը կամ քսան տոննանոց բեռնատարները եկել են և Վրաստանի ու Հայաստանի միջև չեզոք գոտում դատարկել են իրենց բեռը, ու մարդիկ հիսուն կիլոգրամներով ներկրել են այդ բեռը Հայաստան: Եվ շատ դեպքերում մենք չենք կարողացել որևէ հսկողական գործառույթ իրականացնել»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Անանյանը: Նա տեղեկացրեց, որ 2019թ. հունվարի 1-ից, ելնելով այն հանգամանքից, որ ԵԱՏՄ-ում կանոններ են փոխվել, ու ուղեբեռի առավելագույն չափը սահմանվել է 25 կգ, իսկ առավելագույն արժեքային չափը՝ 500 եվրո, կառավարությունը քննարկել է այդ խնդիրը, և որոշում կայացնելուց հետո կոշտ պայքար է մղելու ստեղծված վիճակի դեմ: «Կառավարության որոշմամբ ուղեբեռի թույլատրելի քանակությունը բարձրացնելիս, մենք նպատակ ունեինք աջակցել բնակչությանը, որ իր կենցաղային նպատակների համար ավելի մեծ քանակությամբ ուղեկցող բեռ ներկրի»,- ասաց Անանյանը:

Նմանատիպ նյութեր