211652_close_icon
views-count2578 դիտում article-date 19:44 09-01-2019

Արցախի պետնախարար Մարտիրոսյանը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 9-ին հրավիրել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնական գազի շահագործման հետ կապված անվտանգության խնդիրներին: Պետական նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել շմոլ գազից հանրապետության տարածքում թունավորման դեպքերի վերջին տարիների վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողական մեխանիզմները: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական արդյունավետ գործառույթներ իրականացնելու համար միայն մարդկային գործոնը բավարար չէ, և ամբողջ աշխարհում վաղուց կիրառվում են նաև տեխնիկական տարբեր միջոցներ: «Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ: Այսինքն՝ հնարավոր վթարներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է հետևողական լինել բազմաբնակարան շենքերի ծխնելույզների, բնակարանների ներտնային ցանցի պարբերաբար ստուգման, գազի օգտագործման կաթսաների, անվտանգության համակարգերի ուսումնասիրման և դրանց տեխնիկական զննության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու գործում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և առաջարկել պատկան մարմիններին կարճ ժամանակամիջոցում կատարել համակողմանի ուսումնասիրություն՝ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրի շուրջ հանրության շրջանում լրատվամիջոցներով ավելի լայն լուսաբանման, բացատրական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գազամատակարարող ընկերության և պետական ու համայնքային կառույցների արդյունավետ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/08/1114489/]Հիշեցնենք[/url], որ երեկ՝ հունվարի 8-ին Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են երիտասարդ ամուսինների և նրանց որդու դիերը: Նրանք թունավորվել են շմոլ գազից:

Նմանատիպ նյութեր