211652_close_icon
views-count1411 դիտում article-date 16:15 09-01-2019

Մեղադրող կողմը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գործով դատավորին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը գրավով ազատ արձակմամբ փոխարինելու միջնորդության քննարկումը հետաձգվեց: Դատախազը և քննիչը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել նախագահող դատավորին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպաններից Հայկ Ալումյանը: «Դատախազությունը և քննիչը քննարկեցին այդ հարցը, պաշտպանական կողմն առարկեց այդ միջնորդության դեմ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որոշումը կհրապարակվի հունվարի 10-ին՝ 14:00-ին»,- ասաց Ալումյանը: Ինքնաբացարկ ներկայացնելու համար հիմք է հանդիսացել այն հանգամանքը, որ դատավորը մարտի 1-ի առնչությամբ մեկ այլ մեղադրյալի գործով ինքնաբացարկ է հայտարարել՝ նշելով, որ իրենց ընտանիքներն ունեն բարեկամական կապեր: Այս հարցով քննություն իրականացնող դատավորը Նելլի Բաղդասարյանն է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քննել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոց գրավով ազատ արձակմամբ փոխարինելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը պաշտպանները ներկայացրել են դեկտեմբերի 26-ին:

Նմանատիպ նյութեր